Տպել
Նորություններ
Արագածոտնը Համահայկական ամառային 8-րդ խաղերի կենտրոններից կլինի․ նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են
21.03.2023
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր հյուրընկալեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին․ հանդիպման նպատակը այս տարի օգոստոսի 5-19-ը կայանալիք Համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստական ու կազմակերպչական հարցերի քննարկումն էր, համապատասխան ենթակառուցվածքների դիտարկումը։
Ողջույնի խոսքում Սերգեյ Մովսիսյանը նշեց, որ ամեն ինչ արվելու է խաղերը պատշաճ կազմակերպելու նպատակով։ «Արագածոտնը պատրաստ է ջերմորեն հյուրընկալելու խաղերի մասնակիցներին, նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են»,-ասաց մարզպետը։
Իշխան Զաքարյանը ներկայացրեց առաջիկա համատեղ անելիքները, ապա նախնական պայմանավորվածությամբ նշվեց, թե որ մարզաձևերի առաջնություններն են անցկացվելու Արագածոտնի մարզում։ Այս կապակցությամբ մարզպետը ներկայացրեց մարզում առկա ռեսուրսները՝ դիտարկելով լավագույն ենթակառուցվածքները։
Քննարկման ավարտից հետո Սերգեյ Մովսիսյանն ու Իշխան Զաքարյանը շրջայց կատարեցին Աշտարակի մշակույթի տանը, «Սևան» մարզադպրոցում, Արագած սպորտային համալիրում՝ տեղում ծանոթանալով տարածքներին, որտեղ կարող են անցկացվել համապատասխան մրցումները։
Հավելենք՝ Համահայկական խաղերի շրջանակում անցկացվող 17 մարզաձևերից առաջնությունների համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ: