Տպել
Նորություններ
Կանանց հաջողության պատմությունների շուրջ ոգեշնչող ՆԷ զրույցներ՝ Բյուրականի աստղադիտարանում․ մարտիության ինքնատիպ միջոցառումը համախմբել էր մարզերի պատանիներին և երիտասարդներին
09.03.2023
ՄԱԿ-ի «Նորարարությունը և տեխնոլոգիաները՝ հանուն գենդերային հավասարության» խորագրի ներքո մարտի 8-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ «Թռիչք դեպի աստղեր» կարգախոսով մարտիության միջոցառում, որի համակազմակերպիչներից էր Արագածոտնի մարզպետարանը։
Ներկա էին Արագածոտնի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ներկայացուցիչներ, մարզպետի օգնականները, աշխատակիցներ, ՄԱԿ-ի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարության, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ԵՄ գրասենյակի, Բյուրականի աստղադիտարանի, ՀԿ և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, Արագածոտնի տարբեր դպրոցների աշակերտներ, այդ թվում՝ եզդիական համայնքներից։
Օրվա հերոսուհիները ՀՀ մարզերի 13 երիտասարդ աղջիկներ էին, որոնք հասցրել են նկատելի ներդրում ունենալ տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում։ Նրանք ներկայացրին իրենց հաջողության պատմությունները՝ խոսելով խոչընդոտների ու հասարակության կարծրատիպերի հաղթահարման, նպատակասլացության, կամքի, աշխատասիրության և այն երևույթների մասին, որոնք թևավորում են իրենց երազանքները։
Հերոսուհիները ստացան խորհրդանշական ՆԷ մրցանակներ և տարբեր կազմակերպությունների կողմից՝ նվերներ։
Արագածոտնի մարզը ներկայացնող Հրանուշ Սահրադյանը Արագածոտնի մարզպետարանի կողմից ստացավ պատվոգիր և նվեր, որը հանձնեց մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական Մերի Դատումյանը։
Միջոցառման նպատակն էր մեկ անգամ ևս արժևորել և ընդգծել երիտասարդ աղջիկների կարևոր դերակատարությունը տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում, այս ուղղություններում առաջին քայլերը հաջողությամբ իրականացնող երիտասարդ աղջիկների օրինակով ոգևորել պատանիներին և երիտասարդներին՝ իրենց վստահ քայլն անելու և մասնագիտության ընտրության հարցում։