Տպել
Նորություններ
Գրքատոնը՝ գրողի հետ․ Արագածոտնի մարզի աշակերտները հանդիպեցին արձակագիր, պետական ու միջազգային մի շարք մրցանակների արժանացած Գրիգին
19.02.2023
Գրականությունը մարդու միտքն ու հոգին սնող, երիտասարդ, երբեք չծերացող երևույթ է, և գիրք կարդալը միշտ նորաձև է․ այս հիմնական ուղերձն էր կարմիր թելի նման անցնում Գրքի տոնին նվիրված հանդիպմանը, որի հյուրն էր արձակագիր, «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուի համար պետական մրցանակի արժանացած Գրիգը։
Հանդիպումը նախաձեռնել էր Արագածոտնի մարզպետարանը՝ Գրքատոնը, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն ու Մայրենի լեզվի տոնը նշանավորելու նպատակով։
Մասնակցում էին Աշտարակ համայնքի դպրոցների՝ «Հայոց լեզու», «Գրականություն» առարկաներից բարձր առաջադիմություն ունեցող և ընթերցասեր 100-ից ավելի աշակերտներ։
Երիտասարդ գրողը, որի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, շվեդերեն,ռուսերեն, վրացերեն և այլ լեզուներով, խոսեց իր հաջողության պատմության, մարդու կյանքում գրքի անփոխարինելի դերի, ինքնազարգացման, ստեղծագործելու, հայեցի և գեղեցիկ արտահայտվելու և մեզ շրջապատող մարդկանց ու երևույթների նկատմամբ առավել ուշադիր ու հոգատար լինելու մասին։
Հանդիպման հաջորդ հատվածում աշակերտները ներկայացրին իրենց հարցերը, որոնք վերաբերում էին թե՛ գրողի ստեղծագործություններին, թե՛ նրա անձնական կյանքին, և թե՛ առհասարակ, գրքին ու գրականությանը։
Շուրջ 2 ժամ տևած հանդիպմանը հարցերը չէին դադարում, սակայն միջոցառումը պետք է հատեր տրամաբանական եզրագիծը։ Ավարտին, իհարկե, լսարանի ամենաակտիվ, հետաքրքիր հարցադրումներով ու յուրօրինակ մեկնաբանություններով աչքի ընկած աշակերտները Գրիգի մակագրությամբ ստացան օրվա խորհրդանշական նվերը՝ գիրք։
Շնորհավոր Գրքատոն։