Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Օրվա առաջին շնորհավորանքը հասցեագրված էր զինվորին․ մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այցելեց Մուղնու N զորամաս, շնորհակալագրեր ու պարգևներ հանձնեց բարեխիղճ զինծառայողներին

28.01.2023

 Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձի առիթով Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի ղեկավար կազմի, ոլորտի մարզային կառույցների պետերի հետ այսօր առավոտյան Մուղնու N զորամասում էր՝ զինվորի կողքին։

Համազգային տոնի առաջին շնորհավորանքը մարզպետը հղեց հայրենյաց պաշտպանի շարքերը համալրած նորակոչիկներին, ովքեր արդեն հիանալի տիրապետում են զինվորական կարգուկանոնին, աչքի են ընկնում հայ զինվորի խրոխտ կեցվածքով։ Այս ամենն այսօր նրանք ապացուցեցին տոնական օրվան նվիրված ցուցադրությանը։
Մինչ շնորհավորական ելույթների մեկնարկը, մարզպետի գլխավորությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հունվարի 19-ին զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը։
Զինվորներին, զինվորականներին ուղղված շնորհավորանքում մարզպետ Սերգեյ Մովսիսյանը նշեց, որ 1992 թ․ կազմավորված Հայոց բանակն իր պատմության ընթացքում կոփվել է, տեսել և՛ հաղթանակ, և՛ ծանր ու դժվարին օրեր, և այսօր էլ անսասան կանգնած է իր ազգի կողքին՝ որպես նրա անվտանգության երաշխավոր, որպես երկրի գոյության հուսալի առանցք։
«Բանակը մեզ համար ընտանիքի պես է, և մեզնից յուրաքանչյուրը նրան պետք է վերաբերվի որպես ընտանիքի անդամի։ Բարձր բարոյահոգեբանական ոգով ու նվիրումով շարունակեք ձեր ծառայությունը՝ ձեր անփոխարինելի ներդրումը բերելով բանակաշինության, բանակի հզորացման գործում»,-ասաց Սերգեյ Մովսիսյանը։
Հոգևորականի առաջնորդությամբ ներկաները միասնական աղոթք հնչեցրին առ Աստված՝ խաղաղություն, բարօրություն ու զորություն հայցելով։
Օրվա առիթով մարզպետն իր անունից շնորհակալագրեր ու մակագրված նվերներ հանձնեց զինվորական ծառայության մեջ աչքի ընկած, մարտական գործողությունների մասնակից, զինվորական պարտականությունները բարեխղճորեն կատարող սպաներին:
Շնորհավոր տոնդ, Հայոց բանակ, ուժ ու կորով զինվորիդ, զորեղություն բազկիդ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 16:57:26