Տպել
Նորություններ
Չդադարող ծափահարությունների ներքո մարզպետը պարգևատրեց պատերազմի մասնակից կամավորներին․ բարձր ոգեղենությամբ նշանավորվեց ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձը
28.01.2023
Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձը նշանավորվեց մշակութային ոգեշնչող միջոցառմամբ, որին ներկա էին մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանը, մարզպետարանի ներկայացուցիչներ, դպրոցի և ԲԿ տնօրեններ, աշակերտներ։ Հատուկ հյուրերն էին պատերազմի մասնակից կամավորները։
Հայի պայքարի ու ծանր մաքառումի, արարող ու անկոտրում տեսակի, գալիքի հանդեպ լուսավոր հավատի ու սերնդեսերունդ փոխանցված հերոսական ոգու, մեր երիտասարդ բանակի անցած հերոսական ուղու մասին էին պատմում այսօր բեմից հնչող խոսքերը, ազգային երգ ու պարը, ուղերձները, պատերազմական օրերին նկարահանված դրվագները։
Մեր շնորհալի աշակերտները, երգիչներն ու պարողները հանդես եկան փայլուն կատարումներով՝ տոնակատարության մասնակիցներին փոխանցելով բարձր ոգի ու լավատեսական հույզեր։
Բանակի օրվա առիթով ուղերձ հղեց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ նախ կոչ անելով հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար մղված մարտերում նահատակված հերոսների և հունվարի 19-ին հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակին։
«Մեր բանակը և՛ հաղթանակներ է տոնել, և՛ դժվարություններ է տեսել։ Մեր պարտքն է բոլոր իրավիճակներում կանգնել բանակի թիկունքին, վերաբերվել նրան որպես մեր ընտանիքի անդամի, և որպես մեր անվտանգության երաշխավոր՝ հավատալ ու վստահել նրան»,-ուղերձում ընդգծեց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։
Միջոցառումն ամբողջացավ պատերազմի մասնակիցների պարգևատրմամբ․ չդադարող ծափահարությունների ներքո հնչեցին մեր անկախության ու խաղաղության պահպանման գործում իրենց անուրանալի ավանդը բերած Արագածոտնի մի խումբ կամավորների անունները, մարզպետն իր անունից շնորհակալագրեր ու մակագրված նվերներ հանձնեց նրանց։
Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ, քո հաղթական գալիքը քո հայրենապաշտ զավակների չմարող հույսն է։