Տպել
Նորություններ
Մարզխորհրդի նիստն սկսվեց մեկ րոպե լռությամբ
23.01.2023
Արագածոտնի մարզպետարանում այսօր կայացավ մարզխորհրդի նիստ, որում ամփոփվեցին նախորդ տարվա աշխատանքի արդյունքները, ուրվագծվեցին 2023-ի անելիքները։
Մարզպետ, մարզխորհրդի նախագահ Սերգեյ Մովսիսյանի գլխավորությամբ ներկաները նիստի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգեցին հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը։
Նիստին մասնակից էին մարզխորհրդի անդամներ, մարզպետարանի և համայնքապետարանների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, մարզային կառույցների ղեկավարներ։
Սերգեյ Մովսիսյանը ողջույնի խոսքում ասաց, որ տարվա այս ժամանակահատվածում արձանագրվում են նախորդ տարվա ձեռքբերումները, ինչու ոչ՝ բացթողումները, և նախանշվում անելիքները։ Նրա խոսքով՝ պետք է տարեսկզբին աշխատանքում նոր նշաձող սահմանել ու եռանդով, համատեղ լծվել գործին։
Մարզխորհրդի նախագահը ներկայացրեց օրակարգային 8 հիմնական հարցերը և առաջին զեկուցման համար խոսքը տրամադրեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Նորայր Գալստյանին։ «Սեփական եկամուտների հավաքագրման և 2023 թ․ բյուջետային գործընթացի կազմակերպման վերաբերյալ» հարցի զեկուցման ընթացքում նշվեց, որ 2022-ին եկամուտների հավաքագրումն իրականացվել է 100,6 %-ով։
Հաջորդ զեկուցումը «Համայնքների վարչական սահմաններում արոտավայրերի վարձակալության տրամադրման վերաբերյալ էր», զեկուցեց հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչություն ավագ մասնագետ Գրիգոր Մանուկյանը։ Հողօգտագործման թեմայի համատեքստում էր նաև հաջորդ հարցը՝ «Հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխման արդյունքում կադաստրային արժեքների տարբերության վճարման վերաբերյալ»։
ՏԻ ՀԳՄՀ վարչության պետ Հովանես Ասատրյանը զեկուցումներ ներկայացրեց 2 հարցի շուրջ՝ «Համայնքային սեփականություն հանդիսացող գույքային միավորների նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքների վերաբերյալ», «Բնակչության ազդարարումն ապահովելու նպատակով մարզում ազդարարման համակարգի ներդրման վերաբերյալ»: Հընթացս վերհանվեցին խնդիրները, որոնց վերաբերյալ մարզպետը հանձնարարականներ ներկայացրեց։
Մարզում իրականացվող և 2023-ին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի, համայնքներում առկա ինքնակամ շինությունների պետական գրանցման աշխատանքների վերաբերյալ զեկուցեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանը, բացի թվային ցուցանիշներից, նա վերակառուցման ծրագրերի շուրջ վերջին տարիների համեմատական վերլուծություն ներկայացրեց։
Օրակարգում ներառված այլ հարցերի շրջանակում մարզպետը ներկայացրեց զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արագածոտնի մարզի տարածքային ստորաբաժանման նորանշանակ պետ Սուրեն Մեժլումյանին և պաշտոնը ստանձնելու առիթով շնորհավորեց նրան։
Սուրեն Մեժլումյանը, ի պատասխան, շնորհակալություն հայտնեց, ապա քննարկման ներկայացրեց ՀՀ Կառավարության որոշմամբ վարժական հավաքների անցկացման, դրանց կազմակերպան գործընթացի վերաբերյալ մի շարք հարցեր։ Մարզպետը, խիստ կարևորելով վարժական հավաքների կազմակերպումը, հույս հայտնեց՝ այն կիրականացվի հավուր պատշաճի, միաժամանակ պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցելու կազմակերպմանը։
Եզրափակելով նիստը՝ Սերգեյ Մովսիսյանը բոլորին բեղմնավոր աշխատանքային տարի մաղթեց և կոչ արեց էլ ավելի սերտացնել մարզպետարանի հետ գործակցությունը՝ ի շահ մարզի զարգացման։