Տպել
Նորություններ
Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի ստորաբաժանումն այսօր մեկնարկեց աշխատանքը
21.01.2023
Այսօրվանից իր աշխատանքն է սկսում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի ստորաբաժանումը, ինչի առիթով այսօր մարզում էր Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի, մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, ԱԺ պատգամավորների, դեսպանների, պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ միջոցառմանը Վարչապետը ողջունեց ներկաներին, ապա մեկ րոպե լռությամբ հարգեցին հունվարի 19-ին Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի զոհերի հիշատակը։
Դիմելով ծառայության անցնող պարեկներին՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց խստորեն հետևել իրավակարգին, օրենքին, մարդու իրավունքների, արժանապատվության պաշտպանությանը։ Վարչապետն ընդգծեց՝ կարգազանցին կարգի հրավիրելը, օրինազանցի նկատմամբ համապատասխան օրինական պատիժ, պատժամիջոց կիրառելը, ընդհուպ՝ ուժային գործողություն կիրառելը լավություն է մարդուն, անհատին, քաղաքացուն, հանրությանը, պետությանը։