Տպել
Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի ու Սուրբ ծնունդի կապակցությամբ
31.12.2022
Սիրելի՛ հայրենակից, պայքարելու, առաջ շարժվելու և զարգանալու չմարող խանդավառությամբ ամփոփում ենք ևս մեկ տարի։ Նոր տարվա շեմին ենք դժվարություններից չվախենալու, չընկրկելու վճռականությամբ։
Մենք մեր ոգին մեկընդմիշտ սնել ենք պետականամետ մտածողությամբ՝ անվերապահորեն հավատալով, որ ամեն ինչ լավ է լինելու։
Սիրելի՛ հայրենակից, ապրում ենք հայ ժողովրդի նորօրյա պատմության դժվարին ժամանակներում՝ ինքներս կերտելով մեր պատմությունը, դառնալով մեր ապրելու, հայրենիքում արարելու իրավունքի արդար դրոշակիրը։ Մեր բոլոր նվիրական իղձերը ձուլվում ու միասնանում են հայրենասիրության վեհ գաղափարի շուրջ, մենք մի բռունցք ենք և մեր փրկությունը պետք է որոնենք մեր միասնության մեջ։
Շնորհավորելով բոլորիդ Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ ուզում եմ առաջինն իմ երախտիքը հայտնել հայ զինվորին, խոնարհվել հայրենիքի համար կյանք տված հերոսների հիշատակի առջև, նրանց ընտանիքների, հերոսածին սուրբ մայրերի առջև...
Մաղթում եմ, որ գոտեպնդվենք, առաջ գնանք մեզ ժառանգված անսասան կամքով` մեր միասնական երազանքի` հզոր ու ծաղկուն հայրենիք ունենալու հետևից։
Մեր ամեն օրը, մեր գիտելիքն ու կարողությունները անդուլ աշխատանքով պետք է ծառայեցնենք հայրենիքին, պետությանը, ժողովրդին։
Ի գործ։
Գալիքի լուսավոր հավատով` ձեզ բերքաբեր ու վերելքների տարի եմ մաղթում։
Աստված պահապան բոլորիդ ընտանիքներին։
ՀՀ Արագածոտնի մարզպետ
Սերգեյ Մովսիսյան