Տպել
Նորություններ
Աշտարակի թիվ 2 և Ոսկեհատի միջնակարգ դպրոցներում բացվեցին մարզպետարանի նախաձեռնությամբ հիմնանորոգված հանդիսությունների սրահն ու մարզադահլիճը
14.12.2022
Արագածոտնի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հանրակրթական ուսումնական հաստատությունների տնտեսված միջոցներից վերաբաշխումների արդյունքում Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 դպրոցը հիմնանորոգված հանդիսությունների սրահ ունի, իսկ Ոսկեհատի Խրիմյան Հայրիկի անվան միջնակարգ դպրոցը՝ հիմնանորոգված մարզադահլիճ ու նոր մարզագույք։
Նշված դպրոցներում այսօր հյուրընկալվեցին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչներ՝ հանդիսավոր պայմաններում մասնակցելու դահլիճի ու մարզադահլիճի բացմանը։
Տնօրենության, ուսուցչական կազմի և աշակերտների ներկայությամբ տեղի ունեցած միջոցառումներում ողջույնի խոսքով հանդես եկավ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ շեշտադրելով, որ դպրոցների հրատապ լուծում պահանջող խնդիրները մարզպետարանի նախաձեռնությամբ լուծում են ստանում, արդիականացվում է կրթական միջավայրը, բարելավվում են կրթօջախների շենքային պայմանները։
Մարզպետին ու մարզպետարանի աշխատակիցներին ուղղված շնորհակալական խոսք ասացին դպրոցի տնօրեններն ու աշակերտները։
Երկու դպրոցներն էլ կազմակերպել էին ջերմ հյուրընկալություն, յուրատեսակ ցուցադրություններ։
Հավելենք, որ Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 դպրոցին տրամդրվել է 11 մլն 590 հազար դրամ, որից՝ հանդիսությունների սրահի հիմնանորոգման համար ծախսվել է 9 մլն 260 հազար դրամ, բակում խաղահրապարակի կառուցման համար հատկացվել է 1 մլն 700 հազար, 630 հազար դրամ էլ տրամադրվել է գույքի՝ սեղան-աթոռների ձեռքբերման համար։
Ոսկեհատի միջնակարգ դպրոցին մարզպետարանի հատկացումը կազմել է 12 մլն 590 հազար դրամ, որից՝ 9 մլն 200 հազարը ծախսվել է մարզադահլիճի հիմնանորոգման, 800 հազարը՝ մարզագույքի գնման համար, 840 հազարը տրամադրվել է ջեռուցման կաթսայի գնմանը, սեղան-աթոռների ձեռքբերման համար ծախսվել է 850 հազար դրամ, 900 հազար հատկացվել է համակարգիչների գնման համար։