Տպել
Նորություններ
Աշտարակում բացվեց աշխարհի 636-րդ #Արմաթ լաբորատորիան․ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ներկա էր հանդիսավոր արարողությանը
18.11.2022
Աշտարակ խոշորացված համայնքի հանրակրթական դպրոցների աշակերտներն իրենց ինժեներական մտածողությունը զարգացնելու ևս մեկ նպաստավոր հարթակ ունեն․ Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում այսօր հանդիսավորությամբ բացվեց «Արմաթ» ինժիներական լաբորատորիա, աշխարհի «Արմաթների» շարքում՝ 636-րդը։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Արագածոտնի մարզպետարանի ֆինանսական աջակցութամբ։
Միջոցառմանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի ղեկավար կազմը, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, մարզային պատասխանատու Եղիշե Ամիրյանը, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ ու աշակերտներ։
Լաբորատորիայի բացման առիթով դպրոցականները աշնանային գեղեցիկ ցուցադրություն ու պարային ելույթներ էին կազմակերպել բակում՝ այցելուներին արժանացնելով ջերմ հյուրընալության։ Ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Տաթևիկ Սարգսյանը՝ լաբորատորիայի հիմնմանն աջակցելու համար շնորհակալություն հայտնելով մարզպետ Սերգեյ Մովսիսյանին ու այդ գործում ներդրում ունեցող բոլոր անձանց։
«Արմաթի» կարմիր ժապավենը կտրեցին աշակերտները, այնուհետև շնորհավորական խոսք ասաց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։ Ընդգծելով, որ մեր օրերում ՏՏ ոլորտի դերը չափազանց կարևոր է՝ նա աշակերտներին հորդորեց ակտիվորեն ընդգրկվել լաբորատորիայի խմբակում, զարգացնել ինժեներական մտածողություն, ինչը կօգնի դառալ ՏՏ ոլորտի մրցունակ մասնագետ։
«Ուրախալի է, որ Արագածոտնի դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաների թիվն աճում է։ 21-րդ դարում աշակերտների ՏՏ ոլորտի իմացությունը չափազանց կարևոր է։ Ուզում եմ նշել նաև, որ որոշ դպրոցներում այս լաբորատորիաների գործունեության արդյունքում լուրջ հաջողություններ ենք արձանագրել, օրինակ, «Արմաթն օդում» ծրագրի շրջանակում թալինցի աշակերտները ստեղծել են անօդաչու թռչող սարքեր, լիահույս եմ, որ Աշտարակում ևս մենք «Արմաթի» սաների աշխատանքով հպարտանալու առիթներ ենք ունենալու»,-ասաց Սերգեյ Մովսիսյանը։
Սեդրակ Վարդանյանն արձանագրեց՝ տարբեր երկրներում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներից սա 636-րդ է, որն անշուշտ, ՏՏ ոլորտի հանդեպ դպրոցականների սերն ու հետաքրքրությունն ավելացնելու ուսումնական միջավայր է դառնալու։
Շնորհավորական ելույթով հանդես եկավ մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, որը երկար տարիներ որպես ուսուցիչ աշխատել է Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում։ Նրա խոսքով՝ 600 աշակերտ ունեցող կրթօջախը մեծ ներուժ ունի, մասնավորապես, դպրոցի սաները ամեն տարի նվաճումներ են ունենում շախմատի և այլ առարկաների մարզային օլիմպիադաներում, աչքի են ընկնում սովորելու մեծ ձգտումով։
«Դեռ տարիներ առաջ, «Արմաթ» լաբորատորիան մեր դպրոցի համար երազանք թվացող գաղափարի էր նման, իսկ այժմ, համատեղ ջանքերի շնորհիվ, նրա գոյությունը փաստ է, ինչը մեզ համար հպարտանալու առիթ է։
Ուրախ եմ արձանագրելու, որ այս դպրոցի շրջանավարտներից շատերն են այժմ ՏՏ ոլորտում մեծ ձեռքբերումներ ունեն, նրանք բարձր վարձատրվող մասնագետներ են, և մաղթում եմ, որ դուք ևս ամենամրցունակ ոլորտներից մեկում դառնաք առաջավոր մասնագետ։ «Արմաթի» հիմնման գլխավոր նպատակներից մեկը հենց դա է՝ դեռ դպրոցից ձեր մեջ ինժեներական մտածողություն, ստեղծարարություն ու տրամաբաություն զարգացնելը»,-ասաց Արմեն Գրիգորյանը։
Շնորհավորական ելույթներից հետո մարզպետն ու մարզպետարանի ներկայացուցիչները ծանոթացան դպրոցի նորաթուխ լաբորատորիայի աշակերտների ստեղծած առաջին ծրագրերին ու խաղերին։
Աշխարհի 636-րդ «Արմաթին» մաղթում ենք արգասաբեր գործունեություն։