Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մինչև 100 աշակերտ ունեցող գյուղական դպրոցների բոլոր ուսուցիչները հավելավճար կստանան․ նոր ուսումնական տարվան ընդառաջ օգոստոսյան խորհրդակցությանը ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է

24.08.2022

 2022-2023 ուսումնական տարվա մեկնարկին հաշված օրեր են մնացել, և տարին պատշաճ և կրթական ոլորտի նորություններին ու խնդիրներին համակողմանի իրազեկ սկսելու նպատակով Արագածոտնի մարզի հանրակրթական 118 դպրոցների տնօրենների մասնակցությամբ երեկ տեղի ունեցավ օգոստոսյան խորհրդակցություն։

Այն վարեցին ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի ղեկավար Արտաշես Թորոսյանը, գերատեսչության այլ ներկայացուցիչներ։
Քննարկմանը Արագածոտնի մարզպետարանից մասնակցում էին գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադևոսյանը, վարչության ներկայացուցիչները, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման և քաղաքաշինության վարչությունների ղեկավարները։
Ներկաներին ողջունեց մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադևոսյանը և քննարկումը մեկնարկելու համար խոսքը փոխանցեց գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանին։ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի և անձամբ իր անունից ողջունելով տիկին փոխնախարարին և ԿԳՄՍՆ ներկայացուցիչներին՝ գլխավոր քարտուղարն անդրադարձավ Արագածոտնի մարզում վերջին շրջանում արձանագրված կրթական հաջողություններին։ Այդ թվում՝ խոսվեց մոդուլային դպրոցների կառուցման, մարզպետարանի բյուջեից տնտեսված գումարների հաշվին կրթօջախներում ընթացող ծավալուն վերանորոգման աշխատանքների, դասագրքերի պատշաճ բաշխման, բուհեր ընդունված դիմորդների գոհացուցիչ թվաքանակի, միջազգային օլիմպիադայում նորաշենցի Տիգրան Հարությունյանի հաջողության մասին։
Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում նկատեց, որ նախորդ տարի օգոստոսյան խորհրդակցության ընթացքում դիմակներով էին և այս կապակցությամբ արձանագրեց՝ Հայաստանը այն քիչ երկրներից է, որը համավարակի պայմաններում կարողացել է հնարավորինս ապահովել կրթության շարունակականությունը։ Այս համատեքստում փոխնախարարը կարևորեց ուսուցիչների միջոցով տարբեր դասաժամերի ընթացքում աշակերտներին արտակարգ դրության պայմաններում սովորելու կարգուկանոնի վերաբերյալ պատշաճ իրազեկումն ու այս ուղղությամբ նրանց իմացության բարձրացումը։
Այնուհետև տիկին Անդրեասյանը կանգ առավ գլխավոր քարտուղարի ներկայացրած տեղեկատվության վրա, համաձայն որի՝ բուհեր ընդունված դիմորդների թիվը մարզում գոհացնող է։ Նա նշեց, որ Արագածոտնում երիտասարդության կողմից ամենանախընտրելի մասնագիտություններն են՝ բժիշկ, հաշվապահական հաշվառում և հարկում, սերվիս, փրկարար, ինֆորմատիկա։ Դպրոցներում մասնագիտական կողմնորոշման կարևորությունն ընդգծելով՝ փոխնախարարը նշեց, որ առաջիկայում կներդրվի մասնագիտական կողմնորոշման ակումբ։
«2023թ․ սեպտեմբերից սկսած բոլոր դպրոցներում մեկնարկելու է նոր չափոշորիչների ներդրման գործընթացը, որը ենթադրում է նախապատրաստական ծավալուն աշխատանք՝ բոլոր մարզերի հանրակրթության ոլորտի մասնագետների ներգրավմամբ»,-ասաց նա։
Տիկին Անդրեասյանը վերլուծեց նաև միասնական քննությունների արդյունքները՝ մատնանշելով այն առարկաները, որոնց ցուցանիշները խնդրահարույց են և ընդգծեց՝ արձանագրված խնդիրը պետք է լուծել համատեղ ու շարունակական աշխատանքով։
Խորհրդակցությանը քննարկված հաջորդ հարցերն էին ուսուցիչների վարձատրության համակարգի փոփոխությունները, կամավոր ատեստավորման գործընթացը, որի առանձնահատկություններն ու ընձեռած հնարավորությունները հանգամանալից պարզաբանեց Ժաննա Անդրեասյանը։
Փոխնախարարը ուսուցիչների վարձատրության հետ կապված ուշագրավ իրազեկում ներկայացրեց՝ եկող տարվանից, մինչև 100 աշակերտ ունեցող գյուղական դպրոցների բոլոր ուսուցիչները հավելավճար կստանան՝ անկախ ատեստավորումից։ Հավելավճար կստանան նաև բոլոր դպրոցների բնագիտական և ինֆորմատիկայի ուսուցիչները, ընդ որում՝ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներինը կօգտվեն միաժամանակ նշված 2 ծրագրերից։ Կարգն արդեն մշակման փուլում է։ Խոսվեց նաև նախատեսվող այլ ծրագրերի մասին։
Կամավոր ատեստավորման գործընթացի վերաբերյալ Հրաչյա Գևորգյանը նշեց, որ մարզում այս պահի դրությամբ ատեստավորված է 12 ուսուցիչ, ինչը դրվատելի թիվ չէ և տնօրեններին հորդորեց մոտիվացնել ուսուցիչներին։
Հանդիպման երկրորդ հատվածում Արտաշես Թորոսյանը ներկայացրեց նոր չափորոշիչների ներդրմանը, ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրերին վերաբերող առաջիկա անելիքները, իսկ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը պարզաբանումներ կատարեց պաշտոնային նկարագրերի փոփոխության, վարչական աշխատողների դասավանդման և դրա հետ փոխկապակցվող հարցերի շուրջ։
Քննարկումը եզրափակվեց հարցուպատասխանով, գերատեսչության ներկայացուցիչները պատասխանեցին տնօրենների հարցերին։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06