Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Կրթությունը ամենահզոր զենքն է, որով կարող ես փոխել աշխարհը»․ Նորաշենի միջնակարգ դպրոցի գերազանցիկ շրջանավարտ, միջազգային օլիմպիադայի մեդալակիր Տիգրան Հարությունյան

19.07.2022

 Երևանում երեկ ամփոփվել է քիմիայի 54-րդ միջազգային օլիմպիադան։

Հայաստանը ներկայացնող դպրոցականների թիմի բոլոր անդամները մեդալներ են նվաճել։ Այդ թվում՝ Արագածոտնի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոցի այս տարվա շրջանավարտ Տիգրան Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ։
Մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում դպրոցի տնօրեն, Տիգրանի քիմիայի ուսուցիչ Բալասան Հակոբյանը նշեց, որ սա արդեն Տիգրանի երկրորդ մեդալն է միջազգային օլիմպիադայից, 2021-2022թթ․ ընթացքում նա մասնակցել է քիմիայի 4 միջազգային օլիմպիադայի, նվաճել է 2 բրոնզե մեդալ։ Այս կրթական ձեռքբերման շնորհիվ էլ Տիգրանն անվճար հիմունքներով ընդունվել է Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ բուժական գործ մասնագիտությամբ։
Մեզ հետ զրույցում Տիգրանն ասաց, որ գիտության ասպարեզում մեծ անելիքներ ունի, կյանքի նոր շրջափուլում առավել վճռական է, պատրաստ՝ նոր նշաձող սահմանելու։
Կրթության հարգն իմացող Տիգրանը նշում է՝ Նորաշենի դպրոցը այն նպաստավոր միջավայրն է, որտեղ ինքը կայացել է որպես նպատակասլաց, ուսման ու ինքնակրթության դերն արժևորող անհատ։
«Իմ յուրաքանչյուր ձեռքբերման հիմքում իմ դպրոցական կրթությունն է, ուսուցիչներիս անուրանալի ներդրումը։ Երբ մենք փոքր էինք, քիմիան մեզ անհասանելի աշխարհ էր թվում, բայց բարձրորակ մասնագետների ու միջավայրի շնորհիվ ես ոչ միայն սիրեցի այն, այլև այնտեղ իմ խոսքն ասելու հնարավորություններ ունեցա։ Հաշված օրերից ես նստելու եմ արդեն ուսանողական սեղանին, բնակվելու եմ մայրաքաղաքում, սակայն հարազատ Նորաշենիս հետ ակտիվ կապը պահելու եմ և շատ մեծ ցանկություն ունեմ հետագայում իմ գիտելիքներն ու փորձը իմ գյուղի երեխաներին փոխանցելու»,-ասաց Տիգրանը։
Դպրոցի տնօրենի խոսքով՝ Տիգրանը մոտիվացնող օրինակ է աշակերտների համար։ Բալասան Հակոբյանը վստահ է՝ Տիգրանի նոր հաջողություններով հպարտանալու շատ առիթներ ենք ունենալու։
Իսկ այժմ մեր Տիգրանին շնորհավորելու երկու լավ առիթ ունենք՝ օլիմպիադայում նվաճած մեդալը և անվճար ԵՊԲՀ ընդունվելը․ բարի երթ։
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06