Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարությունը հետևողական է տարածքային համաչափ զարգացմանը․ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այցելեց Արագածոտնի մարզ

29.06.2022

 Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 29-ին այցելեց Արագածոտնի մարզ, ծանոթացավ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով իրականացված և իրականացման փուլում գտնվող աշխատանքներին։

Այցի ընթացքում փոխվարչապետին ուղեկցեցին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, Աշտարակի և Թալինի համայնքապետերը, այլք։
Աշխատանքային այցի առաջին կանգառը Թալինի հիմնանորոգվող բժշկական կենտրոնի շինհրապարակն էր։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, ներկայացնելով ծրագրի մանրամասները, տեղեկացրեց, որ շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել են 2021 թվականի հունիսին, նախատեսում են ավարտել ու հիվանդանոցը շահագործման հանձնել 2023 թվականի տարեվերջին։ Փոխվարչապետ Մաթևոսյանը շրջեց շինհրապարակում, զրուցեց բուժանձնակազմի հետ, բժշկական կենտրոնի ղեկավար կազմի հետ քննարկեց զարգացման ծրագրերը։
Թալինի ԲԿ մեկ մասնաշենքի օտարման և քանդման հետ կապված մարզպետ Սերգեյ Մովսիսյանը առաջարկություն ներկայացրեց՝ շենքը չքանդել, համապատասխան ուսումնասիրություններ կատարելուց հետո շահագործել այն։
Աշխատանքային այցի ընթացքում Համբարձում Մաթևոսյանը եղավ նաև Գառնահովիտ բնակավայրում կառուցվող մոդուլային դպրոցի տարածքում, ծանոթացավ իրականացվող աշխատանքներին։ Դպրոցի ուսուցչական անձնակազմի հետ զրույցում փոխվարչապետը հորդորեց նրանց մասնակցել ատեստավորման գործընթացին, մասնագիտական որակավորումը բարձրացնելուն զուգահեռ բարձրացնել նաև աշխատավարձի չափը։
Համբարձում Մաթևոսյանը զրուցեց նաև տեղի բնակիչների հետ, լսեց նրանց հուզող խնդիրները՝ կապված մթերումների, ոռոգման ջրի, այգեհիմնման աշխատանքների հետ, այնուհետև ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը, հորդորել է օգտվել այդ հնարավորություններից ու Էկոնոմիկայի փոխնախարար Խոջոյանի հետ պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին։ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը նույնպես քննարկվող հարցերի շուրջ պարզաբանումներ ներկայացրեց փոխվարչապետին։
Հաջորդիվ պետական այրերն այցելեցին Թալին համայնքի Կարմրաշեն բնակավայրում գտնվող Հայրենական պատերազմում զոհված կարմրաշենցիների հիշատակին կառուցված հուշահամալիր, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Sեփանյան Արտյոմի շիրիմին և ծաղիկներ խոնարհեցին զոհված հերոսների հիշատակին։
Աշխատանքային այցի հաջորդ կանգառը Արագածոտն բնակավայրում վերակառուցվող մանկապարտեզն էր, որտեղ, ծանոթանալով իրականացվող աշխատանքներին, փոխվարչապետ Մաթևոսյանը հայտարարեց, որ անորակ աշխատանք չի ընդունվելու։ Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը վստահեցրեց՝ եթե շինարարությունը լիարժեք և որակով չիրականացվի, աշխատանքը չի ընդունվի։ Մարզպետի հավաստմամբ՝ մարզում իրականացվող բոլոր շինարարական աշխատանքները մշտադիտարկվում են, որակը վերահսկվում է, թերությունները համապատասխան հանձնարարականներով վերացվում են։
Աշտարակ քաղաքում Համբարձում Մաթևոսյանը շրջեց Կոմիտասի անվան բարեկարգվող պուրակում, ծանոթացավ քաղաքի ասֆալտապատման աշխատանքների որակին, տվեց մի շարք հանձնարարականներ։
Այցի ավարտին փոխվարչապետ Մաթևոսյանն Արագածոտնի մարզպետարանում հանդիպեց համայնքների ղեկավարներին, մարզպետարանի ղեկավար կազմին և մարզի մթերող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Համայնքների ղեկավարների հետ զրույցի ընթացքում փոխվարչապետն անդրադարձավ ստացվող սուբվենցիայի ծրագրային հայտերի որակին, հայտերի ներկայացման ժամկետների փոփոխությանը, հորդորեց պարբերական դարձնել համայնքների բնակիչների հետ շփումներում պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ տեղեկության տրամադրումը և ընդգծեց․ «Կառավարությունը հետևողական է տարածքային համաչափ զարգացմանը, և, նաև սուբվենցիոն ծրագրերի իրականացմամբ, անելու է առավելագույնը՝ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ»։
Մթերող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփման ժամանակ Համբարձում Մաթևոսյանը հետաքրքրվեց առկա խնդիրներից, դրանց լուծման հարցում Կառավարության հնարավոր աջակցության ձևաչափից, այնուհետև պատասխանեց նրանց կողմից բարձրաձայնված հարցերին։ Մարզպետը դիտարկումներ ներկայացրեց գյուղատնտեսական բերքի իրացման հետ կապված խնդիրների, հնարավորությունների մասին։
Փոխվարչապետի կողմից մարզային այցերը շարունակական բնույթ են կրելու։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42