Նորություններ
Արագածոտնում հիմնվել է 5 ՄվՏ հզորությամբ «Թալին-2» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանը
20.05.2022

Հայաստանում ամենաշատ արևային օրերն ունեցող մարզերից մեկում՝ Արագածոտնում ևս 1 արևային ֆոտովոլտային կայան է հիմնվել․ «Բիլդմաստեր» ՍՊԸ կողմից Թալինում կառուցվել է 5 ՄվՏ հզորությամբ «Թալին-2» կայանը։ Ծրագրի արժեքը շուրջ 5 մլն դոլար է։
Այսօր հանդիսավորությամբ և պաշտոնատար անձանց մասնակցությամբ տեղի ունեցավ կայանի բացումը։
Ներկա էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, փոխմարզպետ Հարություն Գուլյանը, մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը, Թալինի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տավրոս Սափեյանը։
«Բիլդմաստեր» ՍՊԸ ներկայացուցիչների հետ կարմիր ժապավենը կտրեց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։
Շնորհավորանքի խոսքում նա ընդգծեց, որ կայանը երկրի և մարզի տնտեսական զարգացման, երկրի էներգետիկ կայունության և անկախության ապահովման, կանաչ էներգետիկայի մասսայականացման տեսանկյունից մեծ կարևորություն է ներկայացնում, և նման խոշոր ներդրումները մարզում խրախուսելի են։
Կայանն արտադրում է 10 500 000 կվտ/տարի էլեկտրաէներգիա և CO 2 գազի արտանետումը կրճատում է 10200 տոննա/տարի-ով։
Նշենք, որ «Թալին-2»-ի կառուցման համար ձեռք է բերվել շուրջ 11,5 հա հողակտոր, որից շուրջ 7,5 հա էներգետիկ նշանակության հողակտորի վրա կառուցվել է կայանը։