Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի 41-ամյա բնակչուհին եռյակ` 3 արու զավակ է լույս աշխարհ բերել․ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը այսօր տեսակցեց մայրիկին և փոքրիկներին

18.05.2022

 

Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ներքին Բազմաբերդի բնակիչ, 41-ամյա Լուսինե Պետրոսյանն օրերս եռյակ՝ երեք տղա է լույս աշխարհ բերել։

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում գտնվող հերոսուհի մայրիկին անձամբ շնորհավորելու և նորածինների առողջական վիճակով հետաքրքրվելու նպատակով այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ խորհրդական Արմեն Գրիգորյանի, օգնական Մերի Դատումյանի և Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի հետ այցելեց ծննդատուն։

Ինչպես տեղեկացանք՝ Լուսինեն այսպիսով դարձավ 6 երեխաների մայր․ ունի 5 տղա և 1 դուստր։

Մարզպետը շնորհավորեց Լուսինե Պետրոսյանին՝ հայրենիքին ևս 3 զավակ պարգևելու համար, մաղթեց քաջառողջություն և հավաստիացրեց՝ Արագածոտնի մարզպետարանը կանգնած է նրա ընտանիքի կողքին և ջանալու է հնարավորինս թեթևացնել նրանց կենցաղային հոգսերը։ Բազմազավակ ընտանիքին աջակցություն և հատուկ ուշադրություն խոստացավ նաև համայնքապետ Տավրոս Սափեյանը։

«Ցանկացած հայի համար սա մեծ ուրախություն է: Այս փոքրիկները մեր վաղվա ապագան են։ Թալին համայնքում եռյակին յուրահատուկ ձևով կդիմավորեն»,-շնորհավորանքի խոսքում ասաց մարզպետը՝ հավելելով, որ այժմ ծնելիության աճն առավել քան խրախուսելի և սպասված է։

Սերգեյ Մովսիսյանը զրուցեց նաև բժիշկների հետ, տեսակցեց նորածնային վերակենդանացման և խնամքի բաժանմունքում գտնվող փոքրիկներին։

Լուսինե Պետրոսյանի ծնունդն ընդունած բժիշկ Աղասի Շարբաթյանը վստահեցրեց, որ մայրիկի մոտ ամեն ինչ կարգին է։

Հավելենք, որ «Հանրապետական» ծննդատանը վերջին երկու տարում առաջին անգամ եռյակ է ծնվել:

Շնորհավորում ենք ծնողներին և քաջառողջություն մաղթում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06