Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզպետարանում կայացած միջոցառումը՝ ընտանիքի կարևորության, սիրո և ջերմության մասին էր
17.05.2022

Մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախաձեռնությամբ մայիսի 16-ին կայացավ Ընտանիքի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որի հատուկ հյուրերն էին Արագածոտնի բազմազավակ, խնամատար և շահառու ընտանիքները։
Ներկա էին փոխմարզպետ Էդգար Փարվանյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, մարզպետի խորհրդականներ Արմեն Գրիգորյանը, Ռազմիկ Թադևոսյանը, օգնականները, ստորաբաժանման ղեկավարներ ու աշխատակիցներ։
Բացման խոսքով հանդես եկավ ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուիզա Ղարիբյանը՝ խոսելով ընտանիքի ինստիտուտի կարևորության, երեխաների դաստիարակության համար նպաստավոր միջավայր ձևավորելու մասին։
«Բոլորս պետք է հոգանք, որ երեխան մեծանա ընտանիքում, որտեղ յուրաքանչյուրի իրավունքը հարգված է։ Ընտանիքում մեծացած երեխան կերտում է այն մոդելը, որը հետո հասարակության մեջ ինքն է արտացոլում, պետությունն ինքնին մեծ ընտանիք է։ Այս իմաստով կարևորում եմ պետության մոտեցումը, որ մարզպետարանների կազմում գործում են ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով բաժիններ, որոնց հիմնական նպատակը երեխայի ընտանիքում ապրելու պետական քաղաքականության իրացումն է»,-ասաց Լուիզա Ղարիբյանը։
Հաջորդիվ մեկնարկեցին մշակութային ներկայացումները․ երաժշտական, երգ ու պարի կատարումներով և ասմունքով հանդես եկան Աշտարակի տարբեր դպրոցների շնորհալի աշակերտներ։
Միջոցառման ավարտին ներկա ընտանիքներին հանձնվեցին «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպության Ապարանի գրասենյակի կողմից տրամադրված նվեր-փաթեթներ։ Մարզպետարանի կողմից նմանօրինակ միջոցառում իրականացվել է նաև Թալինում։