Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հարգանքի տուրք՝ Հայրենական և Արցախյան պատերազմների նահատակների հիշատակին

10.05.2022

 Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի գլխավորությամբ մարզպետարանի ղեկավարությունն ու աշխատակիցները, Աշտարակի համայնքապետարանի ներկայացուցիչները Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով մայիսի 9-ին հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական և Արցախյան պատերազմներում զոհված մարտիկների հիշատակին։

Պետական այրերը նախ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին Աշտարակի Կոմիտասի անվան պուրակի «Անմար կրակի» մոտ, ապա այցելեցին Եղբայրական գերեզմանատուն՝ գլուխ խոնարհելու Արցախյան ազատամարտերում ընկած քաջերի շիրիմների առջև։

Օրվա խորհրդով, հոգևորականի մասնակցությամբ, ներկաներն աղոթք հնչեցրին առ Աստված՝ ննջենցյալների հոգուն հանգստություն և Հայոց աշխարհին խաղաղություն ու բարօրություն, հայի համար ուժ ու կորով հայցելով։

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 77-ամյակի առիթով շնորհավորական խոսք հղեց՝ ընդգծելով միասնականության ու վճռականության կարևորությունը։ Նա հայ ժողովրդին կոչ արեց ներշնչվել մեր նախնյաց հաղթական ոգով ու հայրենիքի համար կյանք զոհած տղաների հերոսապատումներով։

«Տոնի հիմքում հայրենիքն ու հայրենիքի համար մղվող պայքարի հաղթական ոգին են։ Մաղթում եմ, որ այդ ոգին մեր մեջ երբեք չընկրկի։ Մենք այսօր այստեղ՝ հայրենանվեր տղաների շիրիմների առջև ենք, որպեսզի խնկարկենք նրանց հիշատակը և մեր ոգին սնենք նրանց հերոսական էներգիայով՝ ապագա հաղթանակներ կերտելու համար։ Հավերժ փառք մեր քաջերին»,-նշեց մարզպետը։

Շնորհավորելով Մայիսի 9-ը՝ մաղթում ենք, որ մեր հայրենիքում հավերժ անդորր թևածի։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06