Նորություններ
«ՀՀ Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի հանրապետական փուլում Արագածոտնի մարզը կներկայացնի Արագածավանի թիվ 1 դպրոցի թիմը
06.05.2022

«ՀՀ Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մարզային փուլն Արագածոտնի մարզում կայացավ այսօր՝ Շամիրամ համայնքում։ Մարզական միջոցառումը համախմբել էր Արագածոտնի 21 հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանների 147 աշակերտների։
2 կմ վազքի մրցույթի արդյունքներն ամփոփվեցին տեղում, Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչներից և տարբեր դպրոցների ուսուցիչներից կազմված հանձնաժողովի արձանագրած արդյունքների հիման վրա։ Մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ՝
1-ին պատվավոր տեղը զբաղեցրեց Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, որը Արագածոտնի մարզը կներկայացնի նույն մրցույթի հանրապետական փուլում,
2-րդ տեղը զբաղեցրեց Բազմաղբյուրի միջնակարգ դպրոցը,
3-րդ տեղում է Նոր Եդեսիայի միջնակարգ դպրոցը։
Մրցանակները հանձնեց և հաղթողներին շնորհավորեց Արագածոտնի մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը։
Նշենք, որ խճուղավազքի եզրափակիչ՝ հանրապետական փուլը կանցկացվի մայիսի 14-ին, Դիլիջանի «Պարզ լիճ » տանող ճանապարհին։
Շնորհավորում ենք մարզային փուլի բոլոր մասնակիցներին և հաղթողներին, և Արագածավանի թիվ 1 դպրոցի թիմին հանրապետական փուլում մաղթում հաղթանակ։