Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ստեղծագործ էր Վահեն, որսում ու արտացոլում էր գեղեցիկը․ Նոր Եդեսիայի միջնակարգ դպրոցում բացվեց անմահ հերոս Վահե Վարդանյանի անունը կրող փառքի անկյուն

29.04.2022

 Հայ ժողովրդի նորագույն պատմության էջերում իրենց անունը ոսկե տառերով գրած քաջերի շարքում շատ են Արագածոտն աշխարհի հայրենապաշտ զավակները։ Մարզի դպրոցներում՝ հերոսների հարազատ կրթօջախներում, նրանց երբեք բացակա չեն դնում․ Նոր Եդեսիայի Ներսես Շնորհալու անվան միջնակարգ դպրոցում իր ներկայությունը վերահաստատեց դպրոցի առաջադեմ շրջանավարտ, 44-օրյա պատերազմում կյանքը հայրենիքին նվիրաբերած Վահե Էրիկի Վարդանյանը (2000թ․)։

Դպրոցի տնօրենության նախաձեռնությամբ կրթօջախում ստեղծվել է Վահեի փառքի անկյունը, որի բացումը ապրիլի 28-ին նշանավորվեց հերոսի կերպարը ներկայացնող ցերեկույթով։ Մասնակից էին Վահեի ծնողները, հարազատները, համագյուղացիները, դպրոցի ուսուցչակազմն ու աշակերտությունը։ Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչները ևս ցերեկույթի հրավիրյալների շարքում էին։
Միջոցառման սկիզբն ազդարարեց «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի ուսուցիչ Արամ Սիրունյանը՝ ներկաների համար բացահայտելով Վահեի հայրենասեր էությունը, հարուստ ներաշխարհն ու նկարչական ձիրքը։ Ստեղծագործ էր Վահեն, սիրում էր նկարել ու գրել, որսում ու արտացոլում էր գեղեցիկը, դեռ գարուններ պիտի վրձներ, ավա՜ղ․․․
Հայրենասիրական կատարումներով հանդես եկան դպրոցի աշակերտները, նրանք ներկաներին վստահեցրին, որ պատվով են կրելու իրենց հերոս եղբոր՝ Վահեի համերկրացին լինելու կոչումը։
Ցերեկույթն ամփոփվեց կարևոր կոչով՝ հիշենք ու մեծարենք մեր նվիրյալ տղաներին, գոտեպնդվենք նրանց ուժեղ ոգով, ապրենք՝ նրանց վսեմ սխրանքին արժանի դառնալու անսպառ ձգտումով․․․
Վահե Վարդանյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող էր, բանակ էր զորակոչվել 2019թ․։ Ծառայել է Ջրականում (Ջեբրաիլ), զոհվել է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին, ռազմի դաշտում՝ «կռվել մինչև վերջ» հավատամքով։ Ստացել էր կրտսեր սերժանտի կոչում։
Գլուխ ենք խոնարհում․ փառքդ անմար, սիրելի՛ Վահե։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06