Նորություններ
Եղիպատրուշի բնակիչների հետ քննարկվեցին «Մայլեռ» ներդրումային ծրագրին վերաբերող հարցեր
26.04.2022

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ապրիլի 25-ին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, ԱԺ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի և այլ պաշտոնատար անձանց հետ այցելել է Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայր։
Այցի նպատակն է եղել բնակիչների հետ հանդիպումն ու «Մայլեռ» լեռնային հանգստավայրի կառուցման խոշոր ներդրումային ծրագրի իրականացմանը վերաբերղ մի խումբ հարցերի քննարկումը:
Եղիպատրուշի բնակիչները նախարարին և մարզպետին հայտնել են, որ կարևորում են «Մայլեռ» ծրագրի իրականացումն իրենց բնակավայրի և մարզի զարգացման հնարավորությունների տեսակետից, սակայն անհանգստացած են իրենց տնամերձ հողատարածքները հանրության գերակա շահ ճանաչելու կապակցությամբ։ Նրանք կիսվել են իրենց մտահոգություններով և հուզող հարցերով, ներկայացրել խնդրի լուծման առաջարկներ։ Պաշտոնյաները լսել են բնակիչների բոլոր առաջարկներն ու առարկությունները։ Եղիպատրուշցիների ուղեկցությամբ նրանք շրջել են հանրության գերակա շահ ճանաչված հողատարածքներում, տեղում ծանոթացել խնդիրներին։
Այցի արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ստեղծել Էկոնոմիկայի նախարարության, Արագածոտնի մարզպետարանի, Ապարանի համայնքապետարանի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, որը, տեղում աշխատանքներ իրականացնելով բնակիչների հետ, կհավաքագրի և կուսումնասիրի բնակիչների կողմից ներկայացված խնդիրները, նաև կառաջարկի դրանց համար արդյունավետ և փոխշահավետ լուծումներ։
Հավելենք, որ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում 2080 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում իրականացվելիք ներդրումային ծրագիրը միտված է ՀՀ-ում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը, ինչը բխում է հանրության գերակա շահի որոշման նպատակներից։
Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը նախատեսում է ներդնել շուրջ 30 մլրդ ՀՀ դրամ, ինչը կդառնա իր շուրջ զբոսաշրջային նոր քաղաքի ստեղծման առաջին և ամենակարևոր գրավականը։ Այն կատարելու է ներդրում ճոպանուղու, սահուղիների, արհեստական ձնագոյացման համակարգի, գլխավոր հատակագծի և ժամանցային կենտրոնների (տոբոգան, տյուբինգ, «կախարդական կարպետ», զիփլայն, ջրային ատրակցիոններ) կառուցման համար:
«Մայլեռ» լեռնային հանգստավայրի կառուցման ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով նշված տարածքները ճանաչվել են հանրության գերակա շահ։