Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շնորհավորական ուղերձ է հղել եզդիների ազգային տոնի՝Մալաքե Թաուսի առիթով

20.04.2022

 Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛  ներկայացուցիչներ,

Ընդունեք  ջերմ շնորհավորանքներս՝  եզդիների  ազգային Նոր տարվա՝ Մալաքե Թաուս տոնի առիթով։

Հայ և եզդի ժողովուրդների եղբայրական հարաբերությունների արմատը խորն է և անսասան, և դրա վառ օրինակն այն է, որ մեր  պատմության դժնդակ  օրերին դուք թև-թիկունք դարձած  մեզ օգնեցիք  պայքար մղել հայ հողի համար։ Իրավամբ, ակնառու և դրվատելի է հայ ժողովրդին ձեր նվիրվածությունը։ Հավատացած եղեք, մենք ջանում ենք Հայաստանում ձևավորել ազգային փոքրամասնությունների համար  բարենպաստ կենսապայմաններ, ջանում ենք ամեն պատեհ առիթով ցույց տալ, որ արդեն երկար տարիներ է՝ դուք մասնիկն եք մեր երկրի։

Հարկ եմ համարում ընդգծել, որ Արագածոտնի մարզի 9 համայնքից 4-ը եզդիական են, սա նշանակում է, որ դուք մեր մարզի բնակչության  լիիրավ ներկայացուցիչներից եք, ավելին՝ ինտեգրվում եք մեր քաղաքացիական հասարակությանը, տեր կանգնում ձեր իրավունքներին։ 

Ուրախ եմ հայտնել, որ Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ, վաղը՝ ապրիլի 21-ին, եզդիական Ալագյազ  համայնքում տեղի կունենա Մալաքե Թաուս տոնին նվիրված գունեղ միջոցառում, որը կհամախմբի մարզի եզդիական համայնքների դպրոցականներին, ներկայացուցիչներին։ Միջոցառմանը լավագույնս հանդես եկած թիմերը իմ կողմից կստանան պատվոգրեր ու խորհրդանշական նվերներ։

Եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, տեղյակ եմ, որ  այս տոնը գեղեցիկ խորհուրդ ունի, որը կապվում է գարնան զարթոնքի, նոր կյանքի մեկնարկի հետ,  և որ այս տոնին  բոլորիդ համընդհանուր խնդրանքը խաղաղությունն է։ Միանալով ձեր նվիրական ցանկությանը՝ մաղթում եմ, որ բոլորս ապրենք խաղաղ ու շեն Հայաստանի  լուրթ երկնքի տակ։

Շնորհավոր Մալաքե Թաուս։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06