Նորություններ
Նիդեռլանդահայ բարերար Էմիլ Սարգսյանը՝ հայրենի Արագածոտնը զարգացնելու ջերմեռանդությամբ
14.04.2022

Նիդեռլանդներում բնակվող ուջանցի բարերար Էմիլ Սարգսյանն իր ընկերների հետ պարբերաբար հանդես է գալիս բարեգործական նախաձեռնություններով։
2011 թվականից ի վեր նա Նիդեռլանդներից նյութական օգնություններ է ուղարկում Արագածոտնի մարզի տարբեր հաստատություններ։
Մասնավորապես, 2011 թվականից մինչ օրս բարերարի ջանքերով մարզի տարբեր դպրոցներ է ուղարկվել 5000-ից ավելի գրասեղան և աթոռներ, 50-ից ավելի գրատախտակ։
Էմիլ Սարգսյանն ու ընկերները Արագածոտնի մի քանի հիվանդանոցների տրամադրել են 100-ից ավելի մահճակալներ, հաշմանդամություն ունեցող տարբեր անձանց՝ 250-ից ավելի սայլակներ ու քայլակներ, անապահով մի շարք ընտանիքների տրամադրել են սոցիալական օգնություններ։
Հայրենիքում գտնվող հարազատների օգնությամբ բարերարը հեռակա ծանոթանում է Արագածոտնի համայնքների խնդիրներին և փորձում աջակցել դրանց լուծմանը։
Շնորհակալություն ենք հայտնում Էմիլ Սարգսյանին՝ հայրենանվեր գործի համար, նրան մաղթում քաջառողջություն, աշխատանքային հաջողություններ։