Նորություններ
«ԶԻՆԱԿԻ(ՐԹ)Ց» ռազմամարզական միջոցառումը մեկտեղել էր Հայաստանի բոլոր մարզերից ավելի քան 200 երիտասարդների
12.04.2022

«ՄԵՄ (մարզերի երեխաները՝ մարզերում)-Արագածոտն» միության նախաձեռնությամբ ապրիլի 9-ին Բյուրականում տեղի է ունեցել «ԶԻՆԱԿԻ(ՐԹ)Ց» ռազմամարզական միջոցառումը, որը համախմբել է ՀՀ մարզերից ավելի քան 200 երիտասարդների։
Ռազմահայրենասիրական բարձր ոգով երիտասարդները Արագածոտնում հիշարժան օր են անցկացրել՝ հարստացնելով ռազմական, քաղաքացիական պաշտպանությանն ու առաջին բուժօգնությանը վերաբերող գիտելիքները։
Միջոցառման օրակարգը հագեցած է եղել․ «Պատերազմ. հաջորդող գործողություններ», «Ինչպես հիմնել ռազմական ակումբներ» թեմաներով բանախոսություն, ռազմամարզական արշավ, կրակային վարժություններ։ Քաղաքացիական պաշտպանության, առաջին բուժօգնության կազմակերպման, զենքի օգտագործման և դրա հետ վարվելու կանոնների մասին իրենց փորձն ու գիտելիքը երիտասարդներին են փոխանցել հատուկ հրավերով միջոցառման մասնակիցներ Աշտարակի ԲԿ-ն, «ՈՄԱ (ողջ մնալու արվեստ)-Վանաձոր»-ը, «Ազատազէն» ՀԿ-ն, «Տիգրան Աբգարյան մարտական ակումբ-ՈՄԱ»-ն։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մի քանի գյուղերում մարզական ակումբներ հիմնել, որոնց մեկնարկային աշխատանքների իրականացման համար երիտասարդները փորձագետներից գործնական խորհուրդներ են ստացել։
Միջոցառման կազմակերպմանն աջակցել են Արագածոտնի մարզպետարանը, ոստիկանությունը, ԱԻՆ-ը,«Հզոր միտք» ՀԿ-ն։
Կազմակերպիչների խոսքով՝ իրենց կարևորագույն նպատակներից մեկը մարզերի երիտասարդությանը համախմբելն ու նրանց միջև ակտիվ կապեր հաստատելն է, որի շնորհիվ կյանքի կկոչվեն մի շարք հայրենասիրական գաղափարներ։