Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետարանը ձևավորում է դպրոցների հետ համագործակցային կրթական հարթակ․ նպատակը կրթության որակի բարձրացումն է

22.03.2022

 Տեղեկատվական դարաշրջանի հրամայականով՝ այսօրվա աշակերտը բացի հիմնարար գիտելիքներից պետք է որոշակի հմտություններ ու կարողություններ ունենա։ Խոսքը գիտելիք-հմտություն-կարողություն շերտերի զուգակցման մասին է։ Այս համատեքստում քայլեր են կատարվում Արագածոտնի մարզի դպրոցներում կրթության որակի բարձրացման, ժամանակին համահունչ կրթության մատուցման ուղղությամբ։

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանի նախաձեռնությամբ ձևավորվում է մարզի ղեկավարությանը և 118 դպրոցների տնօրեններին համախմբող հարթակ, որը, ներգրավելով ոլորտի փորձագետներին, զբաղվելու է կրթական խնդիրներով։

 Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոցում մարտի 21-ին  տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում Արագածոտնի մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, նշված դպրոցի տնօրեն Կարեն Սիմոնյանը և «ԻմԴպրոց» կրթական կայքի գործադիր տնօրեն Գոռ Այվազյանը հանդիպել են Աշտարակ համայնքի 34 դպրոցների տնօրենների հետ և քննարկել կրթության որակի բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Ներկաներին ողջունեց Արմեն Գրիգորյանը՝ ընդգծելով, որ Արագածոտնի մարզպետարանը առանձնահատուկ կարևորում է մարզի դպրոցներում կրթության որակը և ջանք չի խնայում դրա բարձրացման համար։ Նա ասաց, որ մարզպետարանի աշխատանքային խումբն արդեն եղել է Աշտարակ համայնքի գրեթե բոլոր դպրոցներում և գույքագրել է առկա խնդիրները, որոնք լուծում կստանան ըստ առաջնահերթության, մարզպետի որոշմամբ։

«Մարզպետարանը, ի դեմս մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, ձևավորում է արդյունավետ համագործակցության հարթակ, որտեղ պարբերաբար քննարկումներ են լինելու կրթական հարցերի շուրջ»,-ասաց խորհրդականը։

Հաջորդիվ Գոռ Այվազյանը ներկայացրեց «ԻմԴպրոց» կրթական կայքը՝ շեշտադրելով, որ այն աշակերտի գործնական գիտելիքն ամրապնդող և տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու հմտություն ու ճկուն մտածողություն ձևավորող հարթակ է։ Բանախոսը կանգ առավ կայքի ընձեռած հնարավորությունների և օգտվելու մանրամասների վրա։

Կարեն Սիմոնյանը, որը նաև Հանրակրթության պետական չափորոշիչների կազմման փորձագիտական խմբի անդամ է, զեկուցեց կրթական նոր չափորոշիչներին վերաբերող պիլոտային ծրագրի կարևոր կետերի մասին՝ քննարկման հրավիրելով տնօրեններին։

Հանդիպումն ավարտվեց հարցուպատասխանով և նոր հանդիպումների ու կառուցողական քննարկումների ակնկալիքով։

Առաջիկայում հանդիպումներ կլինեն Արագածոտնի այլ համայնքների դպրոցների տնօրենների հետ։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06