Նորություններ
Ավարտվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը. մրցանակաբաշխությանը ներկա է եղել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը
21.03.2022

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը մարտի 19-ին հատեց եզրագիծը: Եզրափակիչ խաղերը կայացան Չարենցավանում։
Տղամարդկանց և կանանց երկուական տարիքային խմբերում հայտնի դարձան հաղթողները:
Մրցանակակիրներին պարգևատրեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը։
Վարչապետը ողջունեց ներկաներին և շնորհավորեց մրցաշարի բոլոր մասնակիցներին՝ այն հաջողությամբ անցկացնելու կապակցությամբ. «Ցանկանում եմ շնորհավորել մրցաշարի բոլոր մասնակիցներին, հաղթողներին, մրցանակի արժանացածներին: Ուզում եմ ուրախությունս արտահայտել, որ գաղափարը, որի մասին մենք խոսում էինք ամիսներ առաջ, հիմա տեսնում ենք իրագործված»:
«ՀՀ վարչապետի Գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մրցանակային հիմնադրամը 15 մլն դրամ էր: Հաղթողները ստացան 1 մլն, արծաթե մեդալակիրները՝ 600 հազար, իսկ երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները՝ 400 հազար դրամ: Դրամական պարգևներ ստացան նաև 3-20-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները: