Նորություններ
Մարզպետը հանդիպեց դպրոցների տնօրեններին․ խորհրդակցության առանցքում՝ մարզպետարան-դպրոցներ համագործակցության ամրապնդումը
23.02.2022

Կրթությունը ՀՀ Արագածոտնի մարզպետարանի հատուկ ուշադրության կենտրոնում է, և մարզի 118 դպրոցների տնօրենների հետ պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում։
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանն փետրվարի 22-ին Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում խորհրդակցության էր հրավիրել բոլոր դպրոցների տնօրեններին։ Ներկա էին փոխմարզպետ Հարություն Գուլյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, մարզպետի խորհրդականներ Արմեն Գրիգորյանը, Ռազմիկ Թադևոսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սեդա Սողոմոնյանը, վարչության ներկայացուցիչներն ու մարզպետարանի այլ ստորաբաժանումների ղեկավարներ։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Սերգեյ Մովսիսյանը՝ նշելով, որ սա իր պաշտոնավարման օրոք առաջին հանդիպումն է ուսհաստատությունների տնօրենների հետ և սկիզբն է շարունակական համագործակցության։
Մարզպետը հայտնեց, որ դպրոցներում շինարարության և գույքային խնդիրների վերաբերյալ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ խորհրդական Արմեն Գրիգորյանի ղեկավարությամբ, որն ուսումնասիրություններ է կատարելու բոլոր դպրոցներում և վերլուծությունների արդյունքում, ըստ առաջնահերթության, լուծվելու են գույքագրված խնդիրները։
Հաջորդիվ մարզպետն անդրադարձավ «Տաք սնունդ» ծրագրին, հանձնարարեց հետևողական լինել ծրագրի պատշաճ կազմակերպման հարցում։
Սերգեյ Մովսիսյանը կանգ առավ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարևորության վրա և առաջարկեց մոտիվացնող միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի մարզում ատեստավորված ուսուցիչների թվաքանակը մեծանա։
Ուսուցիչների աշխատավարձի վճարման ժամկետների հետ կապված ևս մարզպետը հանձնարարական տվեց՝ աշխատավարձերը վճարել ամեն ամսվա 1-2-ը և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ամսվա 3-ը։
Սերգեյ Մովսիսյանի ելույթն ամփոփվեց դպրոցների կառավարման խորհուրդների աշխատանքի արդյունավետության բարձրացման մասին դիտարկումներով։
Հանդիպման երկրորդ մասում հարցուպատասխանի ձևաչափով վերհանվեցին և քննարկվեցին առկա կրթական խնդիրները։
Հանդիպումները շարունակական են։