Տպել
Նորություններ
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը կանցկացվի Արագածոտնի մարզում
17.02.2022

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը փետրվարի 16-ին ընդունեց «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը և մշակույթի և սպորտի բաժնի պետ Սաթենիկ Ավոյանը։
«Երևանյան հեռանկարներ»-ի ներկայացուցիչները խոսեցին այս տարվա ամռանը նախատեսվող միջազգային մեծ փառատոնի կազմակերպական աշխատանքների մասին` ընդգծելով, որ ակնկալում են մարզպետարանի գործուն աջակցությունը։ Եռօրյա փառատոնը կանցկացվի երևանամերձ ու գեղատեսիլ Արագածոտնում` համախմբելով հայ և արտասահմանցի մշակութասերներին։ Ինչպես նշեց փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը` նախատեսվում է համաշխարհային աստղերի և մի քանի տասնյակ հազարի հասնող մարդկանց մասնակցությունը։
Սերգեյ Մովսիսյանը կարևորեց լայնամասշտաբ մշակութային միջոցառումների անցկացումն ու նշեց, որ մարզպետարանը կներդնի բոլոր ջանքերը` միջոցառման կազմակերպիչներին լավագույնս աջակցելու հարցում։ Ձեռք բերվեց համագործակցությունը գործնական դարձնելու պայմանավորվածություն։ Կողմերը առաջիկայում կրկին կհանդիպեն` փառատոնի անցկացման վայրն ընտրելու, միջոցառման օրակարգն ուրվագծելու և մանրամասները քննարկելու նպատակով։