Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցնող տարում մարզպետարանն աջակցություն է տրամադրել մարզի 573 սոցիալապես անապահով ընտանիքների․ տարվա ամփոփումը՝ թվերով

29.12.2021

 «Սոցիալական աշխատողի կարգախոսն է՝ ցանկացած իրավիճակում լինել անապահով ընտանիքի կողքին»,-ինչպես նշում է Արագածոտնի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի պետ Կարեն Թաթուլյանը՝ աշխատանքային առօրյայում այս համոզմունքն է ուղղորդում  բաժնի աշխատակիցներին։

Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների կարիքների գնահատումից մինչև  նյութական աջակցություն ցուցաբերելու ճանապարհին  մեր մասնագետները հաճախ են համագործակցում տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների, անհատ բարերարների հետ՝ շահառուներին մատուցելով տարաբնույթ սոցիալական օգնություններ։

Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը Կարեն Թաթուլյանի հետ ամփոփել է 2021թ. մարզպետարանի ջանքերով իրականացված աշխատանքները, որի շահառուներն են մարզի սոցիալապես անապահով, ինչպես նաև պատերազմում զոհված հերոսների ընտանիքները, զինհաշմանդամներն ու նրանց ընտանիքները։

Այսպես՝

 · 2021թ. քաղաքացիների կողմից ստացված 1350 դիմումներից ՀՀ Արագածոտնի մարզպետարանը «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով, մարզպետի որոշումներով, աջակցություն է տրամադրել մարզի 573 սոցիալապես անապահով ընտանիքների:

· 2021թ. Ծաղկաձորի «Լավա Աղբյուր» ճամբարում 2 հերթափոխով կազմակերպվել է երեխաների ամառային հանգիստ, որում ընդգրկվել են 44-օրյա պատերազմում զոհված և զինհաշմանդամ դարձած ընտանիքների, սոցիալապես անապահով ընտանիքների 300 երեխաներ:

· 2021թ. իրականացվել է սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության 82 ծրագիր:

· Ադրբեջանի  կողմից 2020թ. սանձազերծված պատերազմում զոհվածների ընտանիքների դիմումները 2021թ. հավաքագրվել և ուղարկվել են ՊՆ՝ փոխհատուցումները ստանալու նպատակով: ՊՆ են ուղարկվել նաև պատճառական կապով զինհաշմանդամների դիմումները: Զոհվածի ընտանիքի այն անդամները և զինհաշմանդամները, որոնք օրենքով սահմանված կարգով կարող են օգտվել սոցիալական ապահովության երաշխիքներից և արտոնություններից, արդեն ստացել են համապատասխան տեղեկանքները:

· 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների անչափահաս երեխաներն ընդգրկվել են «Մեծն Ներսես», ՀՕՄ, ՀՕՖ դրամաշնորհային ծրագրերում և կստանան դրամական աջակցություն:

· Համաձայն ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն և 2017թվականի օգոստոսի 10-ի 1016-Ն որոշումներով հաստատված կարգի՝ հաշմանդամության

զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինհաշմանդամների ընտանիքների բնակարանային գործերը թարմացվել և համապատասխանեցվել են որոշման պահանջներին և ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարության բնակարանային պայմանների բարելավման հարցերով զբաղվող հնձնաժողովի քննարկմանը:

· Բաժնի հիմնական գործառույթներից առաջնահերթ է դարձել զոհվածի ընտանիքների և զինհաշմանդամների կողմից բարձրացված հարցերին արձագանքելը և լուծում տալը:

· Հաշմանդամություն ունեցող անձանց համակողմանի աջակցությունը շարունակում է մնալ բաժնի առաջնահերթ գործառույթներից մեկը:

· ACTED բարեգործական կազմակերպության հետ համագործակցության  արդյունքում 22.000 ՀՀ դրամ արժողությամբ վաուչեր են ստացել Աշտարակի 28, Թալինի 16, Ապարանի 10 սոցիալապես անապահով ընտանիքներ, որոնք ընտրվել են կազմակերպության կողմից:

· Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմից հետո ՀՀ Արագածոտնի մարզպետարանում գործում է թեժ գիծ և ստեղծվել է մշտական հանձնաժողով՝ Արցախից ժամանած քաղաքացիների կարիքները ապահովելու համար:Տրամադրվել են ժամանակավոր կացարաններ, սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ, առաջին անհրաժեշտության իրեր և այլն:Այս պահի դրությամբ մարզում փաստացի բնակվում են 701 արցախցիներ:

· «Երևանի Ռոտարի ակումբ ինտերնեշնլ» ՀԿ աջակցությամբ մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին և Արցախից տեղահանվածներին տրամադրվել են անկողնային պարագաներ:

· Հայկական կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ՝ Արցախից տեղահանված 177 ընտանիքի տրամադրվել են սննդի փաթեթներ:

· ՀՀ Արագածոտնի մարզպետարանի սոցիալական բաժնում ստեղծվել է արագ արձագանքման ծառայություն, որն աջակցում է այն քաղաքացիներին, որոնք ունեն սննդի, կենցաղային իրերի, պրոթեզաօրթոպեդիկ և հիգիենիկ պարագաների, հագուստի, դեղորայքի և այլ անհրաժեշտ իրերի կարիք: Այս գործընթացն իրականացնելու համար բաժինը սերտորեն համագործակցում է մարզի տարածքային կենտրոնների և տեղական ՀԿ-ների հետ՝ օգտագործելով նրանց ներուժը: Տեղական ՀԿ-ներն ընդգրկված են նաև մարզպետարանում գործող, սոցիալական գործառույթ իրականացնող տարբեր հանձնաժողովներում և տարածաշրջանային համակարգող խորհուրդներում:

· ՀՀ Արագածոտնի մարզպետարանի սոցիալական բաժնում գործող (0232) 3-32-50 հեռախոսահամարը ծառայում է նաև որպես «Թեժ գիծ» և քաղաքացիների սոցիալական ապահովության հարցերին տալիս է անմիջական ընթացք կամ պարզաբանումներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52