Նորություններ
Հնաբերդի դպրոցի աշակերտները՝ վոլեյբոլի հանրապետական հուշամրցաշարի մեդալակիրներ
28.12.2021

Հնաբերդի միջնակարգ դպրոցի թիմը Պերճ Խաչատրյանի անվան վոլեյբոլի մինչև 17 տարեկանների հանրապետական հուշամրցաշարում արծաթե մեդալ է նվաճել։ Հուշամրցաշարը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-26-ը՝ Էջմիածնում։
Այս մասին Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սանասար Եղիազարյանը։ Մեզ հետ զրույցում նա ամփոփեց 2021 թ․ դպրոցի մարզական հաջողությունները՝ նշելով, որ գալիք տարում նոր նվաճումների համար աշխատելու են հաղթական տրամադրվածությամբ ու նոր եռանդով։
«Հնաբերդի դպրոցը միակ հանրակրթական ուսումնական հաստատությունն է, որի սաներն ակտիվորեն ներգրավված են հանրապետական ու միջազգային մարզական առաջնություններում և վերադառնում են մեդալներով»,-ասում է ֆիզկուլտուրայի ուսուցիչը։
Այսպիսով, ներկայացնենք անցնող տարում հնաբերդցի աշակերտների (վոլեյբոլի թիմի) մարզական ձեռքբերումները։
· Լողափնյա վոլեյբոլի մինչև 16 տարեկանների հանրապետական առաջնությունում 1-ին տեղ։
· Լողափնյա վոլեյբոլի մինչև 18 տարեկանների հանրապետական առաջնությունում 2-րդ տեղ։
· Մեծահասակների լողափնյա վոլեյբոլի հանրապետական առաջնությունում 3-րդ տեղ։
· Պերճ Խաչատրյանի անվան վոլեյբոլի մինչև 17 տարեկանների հանրապետական հուշամրցաշարում 2-րդ տեղ։
Ուրախ ենք տեղեկացնել, որ դպրոցի 2 աշակերտ՝ լավագույն խաղացողներ Վարդան Պողոսյանը և Վահրամ Հովհաննիսյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցում են Եվրոպայի արևելյան երկրների վոլեյբոլի մինչև 18 տարեկանների առաջնությանը։
Շնորհավորում ենք մեր նպատակասլաց մարզիկներին և մաղթում նորանոր ձեռքբերումներ։