Նորություններ
«Յուրաքանչյուր երեխա պետք է ապրի ընտանիքում»․ Լուիզա Ղարիբյան
27.12.2021

Ամանորը նախևառաջ երեխաների տոնն է, և նրանք միշտ պետք է հատուկ ուշադրության ու հոգածության արժանանան։ Տարեմուտին ընդառաջ մեր այս անդրադարձը նվիրված է Արագածոտնի մարզի հատուկ հոգածության կարիք ունեցող երեխաներին․ մարզպետարանի ընտանիքի, կանանց,երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուիզա Ղարիբյանի հետ զրուցել ենք երեխաների իրավունքների պաշտպանության թեմայի շուրջ և ամփոփել անցնող տարում այս ուղղությամբ կատարված աշխատանքը։ «Յուրաքանչյուր երեխա պետք է ապրի ընտանիքում»․ այս վստահ համոզմունքով են մեր մասնագետներն իրենց հմտություններն ի սպաս դնում մարզում երեխաների ոտնահարված իրավունքների վերականգնմանը։
Ներկայացնենք 2021թ․ երեխաների հետ կատարված աշխատանքի հիմնական ցուցանիշները՝ թվերով (տվյալները ներկայացրել է բաժնի պետը)։
- Հայտնաբերվել ու հաշվառվել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 410 երեխա։
- Մանկատուն է տեղափոխվել 1 երեխա, մանկատնից կենսաբանական ընտանիք է տեղափոխվել 5 երեխա։
- Վկայագիր է ստացել կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող 116 երեխա։
- Բացահայտվել է կրթությունից դուրս մնացած 50 երեխա, որոնք դպրոց չէին հաճախում տարբեր պատճառներով (աշխատելու, ամուսնության և այլ), այդ թվում՝ 28-ը վերադարձվել է դպրոց, 10-ը մեկնել է երկրից։
- Միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ իրականացվել են 2020 թվականին Արցախյան պատերազմի հետևանքով տուժած, այդ թվում՝ տեղահանված ընտանիքներին և նրանց երեխաներին ուղղված աջակցության (սոցիալ-հոգեբանական, կրթական, առողջապահական) ծրագրեր: Մասնավորապես, ՀՕՖ-ի միջոցով աջակցություն է տրամադրվել զոհված զինծառայողների ընտանիքների 56 երեխայի, ինչպես նաև «Ծնողազուրկ հայ երեխաներին աջակցության» (SOAR) կազմակերպության կողմից 15 զոհված զինծառայողների երեխաներին տրամադրվել է սոցիալ-հոգեբանական աջակցություն:
- 1-ին անգամ կազմակերպվել է Վորլդ Վիժնի հետ համատեղ վերապատրաստում՝ խնամակալության հոգաբարձության հանձնաժողովների անդամների համար։
- Իրականացվել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների համար ծնողավարման, կենցաղավարման դասընթացներ։
- Ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ համատեղ համայնքների մի շարք դպրոցներում աշակերտների հետ զրույց-քննարկումներ են իրականացվել վնասակար սովորույթների, բռնության, երեխաների վրա բացասական ներգործություն ունեցող երևույթների, հակասոցիալական վարքային դրսևորումների թեմաներով:
- Հաշվառվել են 3 խնամատար ծնող դառնալ ցանկացող անձինք, կնքվել է 1 խնամատար ծնողի հետ պայմանագիր:
- Հայ օգնության ֆոնդի և Երևանի Երեխաների աջացկության կենտրոնի հետ համատեղ իրականացվել են խնամատարության մասին իրազեկման աշխատանքներ։
«Մեզ վստահված է պատասխանատու և կարևոր առաքելություն, և մենք այն պետք է կատարենք ամենայն նվիրումով՝ մանկավարժի, հոգեբանի, ծնողի, խորհրդատուի որակները համատեղելով»,-մեզ հետ զրույցում նշեց Լուիզա Ղարիբյանը։