Նորություններ
Աշտարակի բժշկական կենտրոնն ամբողջությամբ կվերանորոգվի
08.12.2021

Աշտարակի բժշկական կենտրոնն ամբողջությամբ կվերանորոգվի: Առաջիկա 2-3 տարվա ընթացքում Արագածոտնի մարզկենտրոնը կունենա որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ բոլոր շենքային, գույքային պայմաններով և սարքավորումներով հագեցած ժամանակակից բժշկական կենտրոն:
Ծրագրի նախահաշվային արժեքը շուրջ 1.5 միլիարդ դրամ է. ֆինանսավորումն իրականացնելու է ՀՀ կառավարությունը՝ պետական բյուջեի միջոցներից:
Արագածոտնի մարզպետարանը, սերտ համագործակցելով Առողջապահության նախարարության հետ, որդեգրել է մարզում առողջապահական համակարգի վերազինման քաղաքականությունը, որի տրամաբանությամբ այս պահին ընթանում են Արագածոտնի մարզպետարանի ենթակայությամբ գործող Թալինի բժշկական կենտոնի վերանորոգման և Ծաղկահովիտի առողջության կենտրոնի նոր շենքի կառուցման աշխատանքները:
Քաղաքաշինության կոմիտեն Արագածոտնի մարզի Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքների կատարման վերաբերյալ մրցույթն արդեն հայտարարել է:
Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով մինչև 2022 թվականի հունվարի 17-ը ժամը 11:30: