Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշտարակի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի վիրահատական բաժանմունքը վերազինվել է ԷՕՊ սարքավորմամբ

06.10.2021

Արագածոտնի մարզպետարանի ենթակայությամբ գործող Աշտարակի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի վիրահատական բաժանմունքը վերազինվել է ԷՕՊ սարքավորմամբ, որը բուժհաստատությանը նվիրաբերվել է Արագածոտնի մարզպետարանի և Ֆրեզնոյի հայ համայնքի համագործակցության շրջանակներում:
Այսօր Աշտարակ ԲԿ են այցելել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Ֆրեզնոյում ՀՀ պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանը, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը և այլ հյուրեր:
Խորհրդանշական ժապավենը կտրելուց հետո ներկայացվել է սարքավորումը, ինչպես նաև բժշկական բազմաթիվ գործիքներ, դեղորայք ու վիրահատությունների ժամանակ օգտագործվող մի շարք անհրաժեշտ պարագաներ, որոնք ևս այսօր հիվանդանոցին հատկացվեցին Ֆրեզնոյի հայ համայնքի կողմից:
✅Ողջունելով ներկաներին՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ասել է.
- Մի շատ կարևոր բան եմ ցանկանում ընդգծել՝ հայրենիքը սիրելը դրսևորվում է կատարված գործով: Պարոն Աբգարյանի և Ֆրեզնոյի հայ համայնքի շնորհիվ, մենք կարողացանք իրագործել ավելին, քան նախանշել էինք 2019 թվականին կայացած մեր առաջին հանդիպման ընթացքում: Աշտարակի բժշկական կենտրոնը հերթական կարևոր սարքավորմամբ համալրելով էականորեն կբարձրանա Աշտարակի շրջանում տրամադրվող բուժսպասարկման որակը: Պարոն Աբգարյանի աջակցությունն Արագածոտնի մարզի առողջապահության ոլորտին արդեն մեծ պատմություն ունի, որի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան և բոլոր բարերարներին: Վստահ եմ, որ միասին դեռ շատ անելիքներ ունենք և մոտ ապագայում Արագածոտնի մարզի առողջապահական կազմակերպությունները, այս դեպքում՝ Աշտարակի բժշկական կենտրոնը, դարձնելու ենք այնպիսին, որի պատկերացումն ու ցանկությունն ունենք բոլորս:
✅ -Այսօր, իսկապես, հատկանշական օր է բոլորիս համար: Սփյուռք և հայրենիք ավելի ամրապնդված, ավելի զորավոր ու միասնաբար լինելով՝ եկել ենք ասելու, որ մենք ամեն րոպե թե՛ լավ, և թե՛ վատ օրերին ձեր կողքին ենք: Ճիշտ է ֆիզիկական հեռավորություն կա, բայց մեր հոգիները միշտ միասին են,- ասել է Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանը, ապա շնորհակալություն է հայտնել մարզպետին 2019 թվականի հանդիպումից մեկնարկած համագործակցության համար, միաժամանակ ընդգծելով, որ Աշտարակի ԲԿ-ի նկատմամբ իրենց հոգածությունը շարունակվելու է:
✅Աշտարակի բժշկական կետրոն ՓԲԸ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանն իր խոսքում ընդգծել է բուժհիմնարկի գործունեության համար ԷՕՊ-ի կարևորությունը և հավելել, որ վիրահատական բաժանմունքն այս սարքավորմամբ համալրելու շնորհիվ՝ այլևս հիվանդներին ստիպված չեն լինի ուղեգրել այլ բուժհիմնարկներ և անհրաժեշտ միջամտություններն այսուհետ հնարավոր կլինի իրականացնել տեղում:
Ճառագայթային ախտորոշիչ սարքավորումը / ԷՕՊ / բուժհաստատությանը նվիրաբերվել է ամերիկաբնակ հայ բարերար Միշել Թութելյանի միջոցներով:
Ներկաները կարճ շրջայց են կատարել բժշկական կենտրոնում՝ քննարկելով հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության շրջանակներում Արագածոտնի մարզի առողջապահական կազմակերպություններին հնարավոր աջակցության տրամադրմանն առնչվող մի շարք հարցեր:
Հիշեցնենք, որ 2019 թվականին Ֆրեզնոյի հայ համայնքի հանգանակությամբ վերանորոգվել են Աշտարակ ԲԿ-ի վիրահատարանները, հարակից կաբինետները, վիրահատական ողջ բաժանմունքը վերազինվել է բժշկական գործիքներով և տարատեսակ սարքավորումներով, հիվանդանոցին էր տրամադրվել ռենտգեն ապարատ, լապարոսկոպ սարքերի հավաքածու, մահճակալներ և այլ գույք:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52