Նորություններ
Ուսուցչի օրվա առթիվ պարգևատրվել են դպրոցականների առարկայական օլիմպիադաներում մրցանակային տեղ գրաված աշակերտների ուսուցիչները
05.10.2021
Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցում այսօր կայացավ Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում, որին ներկա էին Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, ոլորտի պատասխանատուները, մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններ, վաստակաշատ ուսուցիչներ:
Խաղաղության միակ բանաձևը հզոր պետականություն ունենալն է, որի հիմքում կա հզոր կրթություն և հզոր գիտություն,- իր ողջույնի խոսքում ասաց մարզպետ Դավիթ Գևորգյանը, ապա շնորհավորանքի ու երախտագիտության խոսք հղեց բոլոր ուսուցիչներին. « Ուսուցչին պետք է մեծարել ու գնահատել ամեն օր. ուսուցիչ բառի մեջ ավելի շատ իմաստ ու բովանդակություն կա քան շատ այլ հազարավոր բառերում միասին: Ուսուցչի կերպարը միօրինակ ու միանման չէ՝ կարևորը սկզբունքներն ու արժեքներն են: Մենք ամենալուսավորը, ամենակարևորը, ամենաարժեքավորը, որն անգնահատելի է տեսնում ենք ուսուցչի կերպարի մեջ և հենց այդ մտքով ու բովանդակությամբ եմ ցանկանում ձեզ շնորհավորել՝ ամենադրականն ու բարին մաղթելով ձեզ ու ձեր ընտանիքներին: »
Մատաղ սերնդի դաստիարակության գործում և կրթության բնագավառում ներդրած ավանդի համար դպրոցականների առարկայական օլիմպիադաներում մրցանակային տեղ գրաված աշակերտների ուսուցիչներին մարզպետ Դավիթ Գևորգյանը հանձնեց շնորհակալագրեր:
Միջոցառումն ամփոփվեց դպրոցականների պատրաստած մշակութային միջոցառմամբ՝ համեմված օրվա խորհրդին համահունչ կատարումներով: