Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ

21.09.2021

Հարգել՛ի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ:

Հայաստանն այնքան բացառիկ է, որ անհնար է չսիրել մեր սուրբ հողն ու ջուրը, մեր անսասան լեռները, մեր հազարագանձ հայոց լեզուն, մեր դարավոր մշակույթը ու չհպարտանալ մեր ազնիվ, աշխատասեր ու պայքարող ժողովրդով:
Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ հոբելյանը, սակայն, իրավիճակով պայմանավորված, մեր տրամադրությունն անշուշտ տոնական չէ:

ՀՀ անկախության տոնը բացառիկ խորհուրդ ունի և հատկապես այս տարի այն իմաստավորվում է մեր հերոսների անձնուրաց սխրանքների հիշատակմամբ և նրանց անմար հոգիների ոգեկոչմամբ:

Նախորդ տարին մեզ դաժան դաս տվեց. մեր առջև դրվեց մեր բոլոր ժամանակների սխալները ու մենք ստիպված եղանք կրել դրանց բոլոր դառը հետևանքները: Այդ դասը բոլորիս ուսուցանեց, որ յուրաքանչյուր ոք, անկախ նրանից, թե որտեղ և ինչ աշխատանք է կատարում, պարտավոր է իր գործունեությամբ ավելի մոտ լինել այն գաղափարին, թե իր գործով ինչ է արել ու անում հանուն մեր հայրենիքի:
Մենք պարտավոր ենք չմոռանալ, թե հանուն ինչի են մեր հերոսները զոհել իրենց կյանքը: Մեր եղբայրները կռվել ու նահատակվել են մեր երկրի անկախությունը, ազատությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Նրանք իրենց աչքերը փակել են մեզ հզոր ու անվտանգ երկիր թողնելու երազանքով:
Մենք իրավունք չունենք մեր հերոսների երազանքներն անկատար թողնելու, և ես համոզված եմ, որ մենք բուժելու ենք մեր վիրավոր հայրենիքի վերքերը, ուղղելու ենք մեր մեջքը, հզորացնելու ենք անվտանգային համակարգերի կարողությունները և ապրելու ենք զարգացման ու խաղաղ դարաշրջան:

Ես խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների հիշատակի, հերոսածին մայրերի, մեր հերոսների ընտանիքների առջև:
Երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր որևէ կերպ ներդրում են ունեցել մեր անկախության կերտման ու պահպանման սուրբ գործում:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը
Հավերժ փառք մեր հերոսներին 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01