Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի նորակառույց ֆուտբոլի դաշտում կայացավ «ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ֆուտբոլային մրցաշարի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը

09.08.2021

Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի նորակառույց ֆուտբոլի դաշտում կայացավ «ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ֆուտբոլային մրցաշարի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա գտնվեցին Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ՀՖՖ Արագածոտնի մարզի ներկայացուցիչ Նարեկ Էլոյանը, մարզի համայնքների ղեկավարներ, մրցաշարին մասնակից ֆուտբոլային թիմեր, ֆուտբոլասեր բնակիչներ և այլ հյուրեր:
Որպես մրցաշարի կազմակերպիչ՝ ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ողջունելով հյուրերին ասաց.
- Այս միջոցառումը, չափազանցրած չեմ լինի, որ ասեմ յուրահատուկ և բացառիկ միջոցառում է մեր մարզի համար: Սրա նպատակը մասսայական սպորտի զարգացումը, մեր մարզի տարբեր համայնքների, տարբեր տարիքի ու մասնագիտության տեր անձանց իրար հետ ծանոթանալը, շփվելը, ընկերություն անելը և, իհարկե, սպորտային, այս դեպքում ֆուտբոլային մրցակցության մեջ, ամեն տարի ուժեղագույնին պարզելն է: Ես հույս ունեմ, որ այս մրցաշարը կդառնա ամենամյա ավանդույթ: Ուզում եմ նշել, որ այս մրցաշարում պարտվողներ չեն լինի. միշտ հաղթելու է ընկերությունը, միասնականությունը: Այս տարի մի թիմ կհաջողի, մյուս տարի՝ մեկ այլ թիմ: Բոլոր մասնակից թիմերին հաջողություն, վնասվածքներից զերծ ու հետաքրքիր մրացաշար եմ մաղթում:
Մրցաշարի բացումն ազդարարվեց Ուջան համայնքի «Կարոտ» ազգագրական պարային համույթի կատարման և Ոսկեվազի մշակույթի տան դհոլահարների խմբի դհոլի հարվածների ներքո:

Առաջին խաղի առաջին հարվածի կատարումը վստահվեց Արցախյան 44-օրյա պատերազում զոհված զինծառայող Գևորգ Գևորգյանի եղբորը՝ Կարեն Գևորգյանին:

Բացման պաշտոնական մասին հաջորդեց 3 ֆուտբոլային հանդիպում`
Սասունիկ -Արտաշավան՝ 3:2
Ներքին Բազմաբերդ-Թալին՝ 3:6
Նոր Արթիկ – Ղազարավան՝ 8:1

Հանդիպումներն անցան շատ դիտարժան, լարված ու գեղեցիկ պայքարում։ Հաջորդ փուլ անցան Սասունիկ, Թալին և Նոր Արթիկ համայնքների թիմերը:

Վաղը՝ օգոստոսի 10-ին, կմրցեն`
17:00` Արագածավան-Արագած /Արագածավանի խաղադաշտում/
18:30` Կաթնաղբյուր- Նոր Ամանոս /Արագածավանի խաղադաշտում/
17:00` Մելիքգյուղ-Աշնակ /Կարբիի խաղադաշտում/
18:30` Դաշտադեմ- Օշական /Կարբիի խաղադաշտում/

Մրցաշարը կազմակերպում է ՀՀ Արագածոտնի մարզպետարանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ:

Կից՝ ֆոտոռեպորտաժ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52