Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն՝ գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ խնդիրների, ոռոգման գործընթացի և բարեփոխման ծրագրերի վերաբերյալ

29.06.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ խնդիրների, ոռոգման գործընթացի և բարեփոխման ծրագրերի վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Արարատի, Արմավիրի մարզպետները, ոլորտային պատասխատուները, պաշտոնատար այլ անձինք:
Խորհրդակցությանը քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի խնդիրների օպերատիվ և ռազմավարական լուծումների տարբերակները:
Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով գյուղոլորտում առկա իրավիճակի, սակավաջրության ծավալների, ջրամատակարարման գործընթացի, ոռոգման ջրի պահանջարկի բավարարման ուղղությամբ աշխատանքների մասին:

Նշվել է, որ կանխատեսումների համաձայն՝ ջերմային նման բարձր ֆոնը պահպանվելու է ողջ ամռան ընթացքում, ինչը և ազդեցություն է ունենալու ոռոգման գործընթացի վրա: Այս համատեքստում անդրադարձ է եղել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով անելիքներին: Առաջնահերթ են համարվել գյուղոլորտում կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը խթանող սուբսիդիոն ծրագրերի շարունակական իրականացումը, ջրամբարաշինության ծրագրերի արագ մեկնարկը:

Կարևորվել են ապահովագրական մեխանիզմների կիրարկումը, գերնորմատիվային հողերի քարտեզագրումը, որոնք կնպաստեն ոլորտի բարեփոխմանը:

Որպես ռազմավարական անելիք՝ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է ջրային ոլորտի բարեփոխման անհրաժեշտությունը և հանձնարարել սեղմ ժամկետում ավարտին հասցնել ռազմավարության մշակումը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է համակարգված աշխատանք իրականացնի գյուղոլորտի խնդիրներին օպերատիվ արձագանքելու և միաժամանակ ինստիտուցիոնալ լուծումներ, զարգացման տրամաբանությամբ աջակցության ծրագրեր մշակելու ուղղություններով:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է հանրային հաղորդակցության կարևորությունը՝ պատասխանատուներին հանձնարարելով պատշաճ իրազեկում իրականացնել, հանրությանը ներկայացնել իրավիճակը, խնդիրները և լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները:


Ավելին
Տեսանյութը

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-06 18:09:56