Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր պարգևատրել է դպրոցականների առարկայական օլիմպիադաներում մրցանակային տեղ գրաված աշակերտներին

05.06.2021

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր պարգևատրել է դպրոցականների առարկայական օլիմպիադաներում մրցանակային տեղ գրաված աշակերտներին:
Դպրոցականների առարկայական օլիմպիադայում հաջողություններ են գրանցել Արագածոտնի մարզի 50 աշակերտ՝ հայոց լեզու, հայ գրականություն, ՀԵՊ, ՆԶՊ, պատմություն, քիմիա, կենսաբանություն, մաթեմատիկա, օտար լեզուներ (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն) առարկաներից: Հանրապետական փուլում 2 աշակերտ արժանացել է 2-րդ կարգի, 4 աշակերտ՝ 3-րդ կարգի դիպլոմների, ևս 7 աշակերտ ԿԳՄՍ նախարարության կողմից գովասանագրի է արժանացել:
- Ցանկացած պետության ու հասարակության ամենալուրջ ձեռքբերումներն առաջին հերթին պետք է լինեն կրթության ոլորտում. գաղտնիք չեմ ասի, եթե ասեմ, որ ամեն ինչի հիմքը հենց կրթությունն է, և ինչպիսի պետություն, որ ցանկանում ենք ունենալ վաղը, պետք է հասկանանք՝ ինչ ենք անում այսօր կրթության ոլորտի համար: Այսօրվա հանդիպումը ցանկանում եմ սկսել դպրոցականներին՝ մեր լուսավոր ապագայի հիմքը հանդիսացող աշակերտներին, պատվոգրեր հանձնելուց:
Սիրելի՛ աշակերտներ, Հայաստանի ապագան դուք եք: Ակնհայտ է, որ դուք եք վաղվա մանկավարժը, գիտնականը, պաշտոնյան, գործարարը. բոլոր ոլորտներում վաղը լինելու եք դուք և մենք պետք է ամեն ինչ անենք, որ հնարավորինս քիչ քարքարոտ լինի այն ճանապարհը, որով դուք ու ձեր ընկերներն եք նախաձեռնել անցնել: Չշեղվե՛ք այն ճանապարհից, որն ընտրել եք: Որքան էլ դժվարության ու խնդրի հանդիպեք, վստահ եղեք, որ այն հաղթահարելու եք: Չի կարող կրթությունից, աշխատանքից, ձգտումից, պայքարից զատ հաջողության հասնելու այլ ուղի կամ լավ հանգրվան լինել: Այսօր ձեր հաջողությամբ դուք ապացուցում եք, որ գիտակցում եք դա: Շնորհավորում եմ ձեզ, ձեր մանկավարժներին ու տնօրեններին, առաձնահատուկ շնորհավորում եմ ձեր ծնողներին. այսօրվա ձեր հաջողությամբ դուք ձեր ծնողներին եք ներկայացնում, ու ես վստահ եմ, որ նրանք ձեզանով հպարտանում և հպարտանալու են,-ասաց մարզպետ Դավիթ Գևորգյանը:
Հանրապետական փուլի մրցանակակիրները, լավագույն արդյունք ցուցաբերելու համար, մարզպետ Դավիթ Գևորգյանից ստացել են պատվոգրեր և գրքեր:
Հանդիպման ընթացքում աշակերտները հանդես են եկել ողջույնի խոսքով, շնորհակալական խոսքեր են հղել ներկաներին, իրենց ուսուցիչներին ու ծնողներին:
Պարգևատրման արարողությանը հաջորդել է, մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ, 2020-2021թթ ուսումնական տարվա ավարտին նվիրված խորհրդակցություն:
Արագածոտնի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Նորայր Գալստյանը նշել է, որ հանրակրթության ոլորտի ֆինանսավորման համար մարզին հատկացված գումարի արդյունավետ և նպատակային տնօրինման նկատմամբ սահմանված հսկողությունը տվել է շոշափելի արդյունք, ինչի մասին են վկայում խնայված ֆինանսական միջոցներով մարզի դպրոցներում իրականացվող ծրագրերը:
Ներկայացնելով դպրոցների շենքային և գույքային պայմանների բարելավման նպատակով իրականացվող շինարարական և այլ աշխատանքների կատարման ընթացքը՝ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանը նշել է, որ դպրոցներում 2020 թվականի ընթացքում ավելի քան 250մլն դրամ արժեքի շինարարական աշխատանքներ են իրականացվել, մի շարք ծրագրեր էլ ընթացքի մեջ են: 2021 թվականի ընթացքում շուրջ 200մլն դրամի նոր ծրագրեր արդեն իսկ քննարկվել և հավանության են արժանացել, մինչև տարեվերջ ցանկը կհամալրվի բազմաթիվ այլ ծրագրերով ևս:
Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սեդա Սողոմոնյանը տնօրենների հետ քննարկել է ուսումնական տարվա ամփոփմանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես, քննական կենտրոնների, քննաշրջանի կազմակերպման, դպրոցների կայք-էջերի վարման, բացակայությունների հաշվառման, դպրոցի տնօրենի, ուսուցչի մրցույթների, կառավարման խորհուրդների գործունեության նոր կարգի, վերապատրաստման գործընթացի, արձակուրդների, աշխատանքային կարգապահության և կրթության ոլորտին առնչվող այլ ընթացիկ հարցեր:
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը առաջարկել է կրկին գույքագրել դպրոցների շենքային խնդիրները, գույքային կարիքները և ներկայացնել մարզպետարան: Դպրոցների տնօրեններին մարզպետը հանձնարարել է հատկապես ջեռուցման համակարգերի կառուցման վերաբերյալ ծրագրերը ներկայացնել ճիշտ ժամանակին, որպեսզի ջեռուցման սեզոնին ընդառաջ դրանք բոլորը լուծված լինեն:
Խորհրդակցության ավարտին կայացած հարցուպատասխանի ընթացքում ուսումնական հաստատությունների ղեկավարները ներկայացրել են իրենց ղեկավարած կառույցում մարզպետարանի հատկացրած լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով իրականացված աշխատանքները և պլանավորված ծրագրերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52