Նորություններ
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Հանրապետության օրվա առթիվ
28.05.2021

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ:
Մայիսի 28-ը համազգային հաղթանակների և հայության վերածննդի խորհրդանիշն է:
1918 թվականի մայիսյան հաղթանակներով դրվեցին Հայաստանի անկախ պետականության վերականգնման անդրանիկ սյուները: Բաշ-Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը դարձան այն վճռորոշ իրադարձությունները, երբ մեր ժողովուրդը, լինելով միասնական ու հաստատակամ, հարյուրամյակների ընդմիջումից հետո վերականգնեց մեր պետության ինքնիշխանությունն ու հայոց պետականությունը:
Իհարկե, հարթ ու սահուն չի ընթացել նորաստեղծ պետության կյանքը, եղել են դժվարություններ ու բազմաթիվ խնդիրներ, բայց մեր ազգը կարողացել է վեր ընթանալ: Այսօր էլ կան դժվարություններ, մենք այսօր էլ ունենք թշնամիներ ու մենք հենց այսօր, առավել քան երբևէ, վեր ընթանալու համար, ունենք միասնական լինելու, մարտահրավերներին համախմբված դիմագրելու ամուր կամքի կարիք:
Մենք հաջողելու ենք, մենք վեր ենք բարձրանալու ու ապագան մեր երկրում լավն է լինելու:
Հավերժ փառք ու խոնարհում բոլոր նրանց հիշատակին, ովքեր պայքարել ու ընկել են հանուն ազգապահպանության, հանուն խաղաղության ու հանուն ապագայի:
Փառք բոլոր նրանց, ովքեր պայքարել ու այսօր էլ պայքարում եմ մեր խաղաղության համար:
Փառք Հայաստանի Հանրապետությանն ու մեր ժողովրդին: