Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ
09.05.2021

Մայիսի 9-ին նախկին ԽՍՀՄ անդամ երկրները տոնում են Հաղթանակի օրը:
Հայրենական մեծ պատերազմում նացիստական Գերմանիայի դեմ Կարմիր բանակի տարած փառավոր հաղթանակի հայրենանվեր գործում իրենց ավանդն են ունեցել նաև հարյուր հազարավոր հայորդիներ: Պատմության մեջ ոսկե տառերով իրենց անունն են գրել հայազգի նշանավոր զորահրամանատարներ, մարշալներ, զինվորականներ, որոնցով ոգեշնչվել ու դաստիարակվել են ոչ միայն Հայաստանի, այլև խորհրդային պետությունների սերունդները:
Մեր պապերի ու նախապապերի սխրագործություններով մենք հպարտանում ու նրանցից գեներով մեզ ժառանգած սկզբունքներն ու գաղափարները խնամքով փոխանցում ենք սերնդեսերունդ, ինչի վառ ապացույցն է այն, որ մենք շատ արագ բռունցք ենք դառնում, երբ թշնամին ցանկանում է խախտել մեր հայրենիքի անդորրը:
1992 թվականի մայիսի 9-ին հայկական զինված ուժերն ու կամավորական ջոկատներն ազատագրեցին հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին:
Ամեն տարի մենք մեծ շուքով տոնել ենք Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Բոլորս էլ գիտակցում ենք, որ այսօր մենք մեծ հարված ենք ստացել,բայց ընկճվելու ու հիասթափվելու փոխարեն, մենք պետք է ուղղենք մեր մեջքն ու շենացնենք մեր երկիրը:
Շուշին ամենքիս մտքում է. Շուշիի այժմյան կարգավիճակի համար ցավում է ամեն հայի սիրտ: Վստահ եմ, որ Շուշիում արևը մի օր նորից շողալու է հայության համար:
Հայրենական պատերազմի մեծարգո՛ վետերաններ,
Արցախյան ազատամարտի հարգելի՛ մասնակիցներ,
Հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հերոսների ծնողնե՛ր, հարազատնե՛ր,
Խոնարհվում եմ ձեր առջև, ձեր սխրանքն անմար է:
Փա՜ռք Հայոց բանակին,
Փա՜ռք մեր հերոսներին ու մեր ժողովրդին: