Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների թեմայով

04.05.2021

Արագածոտնի մարզպետարանում այսօր կայացավ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների վերաբերյալ խորհրդակցություն, որը վարեցին Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը և Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, մարզպետարանի ղեկավար կազմը, մարզի բժշկական կազմակերպությունների ղեկավարները, պատվաստումների գործընթացի իրականացման պատասխանատուները, ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ի «Արագածոտն» մասնաճյուղի տնօրեն Վահե Բարսեղյանը:

-Ամբողջ աշխարհը, այդ թվում Հայաստանն ակտիվ պայքար է մղում կորոնավիրուսային համաճարակի դեմ: Երբ համաճարակը նոր էր, բոլորի հույսն էր, որ կստեղծվի որևէ պատվաստանյութ, որը հնարավորություն կտա արդյունավետ ձևով պայքարելու և պաշտպանելու: Ցավոք սրտի, մահերի թիվն անցել է 4 հազարից և մեկ տարվա ընթացքում մենք մեծ կորուստ ենք ունեցել: Երբ վարակը նոր էր տարածվում, պատվաստանյութերի վերաբերյալ հույսերը հեռավոր էին թվում, այսօր բոլորիս համար կա պաշտպանվելու, մեր ազգաբնակչությանը պաշտպանելու հասանելի միջոց և, ի վերջո, վերջ դնելու վարակի տարածմանը, վերադառնալու մեր բնականոն կյանքի ընթացքին, աշխատելու բուժել մեր մյուս հիվանդությունները, տնտեսապես վերականգնվելու: Գիտեմ` բոլորն ինչքան են հոգնել դիմակներից և մյուս սահմանափակումներից, այս համատեքստում, պետք է ասեմ, որ կառավարությունը որոշում է կայացրել միջոցներ չխնայել` ՀՀ բոլոր քաղաքացիների և Հայաստանում ապրող օտարերկրացիների համար հասանելի դարձնել պատվաստանյութը: Վարակի հետ կապված կան հարցեր ու մտհոգություններ, որոնց վերաբերյալ քաղաքացիները պետք ստանան ճիշտ տեղեկատվություն: Պետք է բավարարել նրանց հուզող բոլոր հարցերը,-իր ողջույնի խոսքում ասել է նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, ապա ներկայացրել է կորոնավիրուսային համաճարակը հաղթահարելու գործընթացքում պատվաստումների դերը, ՀՀ կառավարության սահմանած առաջնահերթությունները, պատվաստանյութերի կիրառման կարգը, պայմանները: Նախարարի պաշտոնակատարը մեկ անգամ ևս հատկանշել է, որ պետությունն ամեն ինչ անում է Հայաստանի քաղաքացիների համար պատվաստումային գործընթացն առավել դյուրացնելու, հասանելի դարձնելու համար:

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ևս իր խոսքում շեշտադրել է պասվաստումը, որպես վարակի տարածումը կանխարգելող նշանակալի գործոն և նշել, որ ինքն անձամբ այսօր՝ խորհրդակցությունից հետո, պատվաստվելու է և, սեփական օրինակով, բնակիչներին ցույց է տալու պատվաստման անվտանգությունն ու կարևորությունը:
Խորհրդակցության ընթացքում հնչել են պատվաստանյութի քանակի, «AstraZeneca» և « Sputnik-V» պատվաստանյութերի կիրառման, պատվստման ժամկետների և պատվաստումների գործընթացի կազմակերպման ընթացիկ խնդիրներին վերաբերող հարցեր, ներկայացվել է Արագածոտնի մարզում պատվաստումների իրականացման վիճակագրությունը:

Խորհրդակցության ավարտին նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ու մարզպետ Դավիթ Գևորգյանն այցելել են Աշտարակի բժշկական կենտրոն ՓԲԸ, շրջել են պոլիկլինկայում, ծանոթացել այնտեղ իրականացվող պատվաստումների ընթացքին, այնուհետև, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի հետ մարզպետն այցելել է Կարբիի բժշկական ամբուլատորիա ՀՈԱԿ:

Խորհրդակցության և այցերի ընթացքում բուժաշխատողները հնչեցրել են իրենց հուզող հարցերը, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52