Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ագարակ համայնքում կայացավ Արցախյան պատերազում զոհված Գոռ Կարապետյանի և զինակից ընկերների հիշատակին նվիրված միջոցառում

27.04.2021

2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Ագարակ համայնքի բնակիչ Գոռ Կարենի Կարապետյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Պետական պարգևը ծնողներին հանձնելու համար՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանը, Ագարակ համայնքի ղեկավար Արմեն Հարությունյանի ուղեկցությամբ, այցելել են հերոսի ընտանիքին:
Ագարակ համայնքի մշակույթի տանն այսօր կայացավ Արցախյան պատերազում զոհված Գոռ Կարապետյանի և զինակից ընկերների հիշատակին նվիրված միջոցառում:
Ագարակի Տաճատ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի բակում տեղի ունեցավ Գոռ Կարապետյանի սխրանքը հավերժացնող հուշակոթող-խաչքարի բացման արարողությունը:
«Անմահության ճանապարհին» խորագիրը կրող միջոցառմանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանը, Ագարակ համայնքի ղեկավար Արմեն Հարությունյանը, այլ պետական այրեր, զինծառայողի ծնողները, հարազատները, զինվորականներ և համայնքի բնակիչները:
Ողջունելով ներկաներին՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ասել է.
- Ամեն օր, մեր ամեն գործողությամբ մենք պետք է վառ պահենք մեր բոլոր հերոսների հիշատակը: Այսօր հավաքվել ենք Ագարակ համայնքում խնկարկելու, մեծարելու հերոս Գոռ Կարապետյանի հիշատակը: Վստահ եմ, որ այստեղ ներկա յուրաքանչյուր ոք պատերազմից հետո, այս դաժան հարվածից հետո ինքն իր համար շատ բան է վերաիմաստավորել, և մենք՝ ողջ մնացածներս, մեր կյանքը պետք է այնպես ապրենք, որ երես ունենանք մեր հերոսների շիրիմներին այցելելու, նրանց անունը տալու:
Հայրենասիրության մեջ ավելի շատ լռություն կա քան խոսքեր, հայրենասիությունն առաջին հերթին գործ է: Մենք մեր զոհված տղաների կիսատ թողած գործերն ու նպատակներն անկատար չենք թողնելու: Մեկը երեխային չհասցրեց ուսման տալ, մյուսը տունը կիսատ թողեց, երրորդը բազում կարևոր գործեր կիսատ թողնելով՝ գնաց հայրենիքի սահմանները պաշտպանելու: Մեր հավատքով, մեր մտքի ուժով, մեր բազկի զորությամբ վառ ենք պահելու մեր հերոսների հիշատակը, համախմբվելով, գաղափարի ու ճիշտ արժեքների շուրջ՝ շենացնելու ենք մեր երկիրը:
Հայ մարդը կարող է ծնկել միայն իր հերոսի շիրիմի, հերոսածին մոր առաջ: Ուրիշ ոչ ոքի առաջ մենք խոնարհվել չենք կարող: Ես ուզում եմ ձեզ հպարտ ու վստահ տեսնել:
Ես խոնարհվում եմ Կարապետյանների ընտանիքի, մեր հերոս Գոռի և մյուս բոլոր հերոսների հիշատակի առաջ:
Հավերժ փառք Գոռին, փառք մեր հերոսներին, փառք Հայոց բանակին:
Միջոցառման ընթացքում Ագարակի դպրոցի սաները ներկայացրեցին զինվորական բեմականացում, հանդես եկան ազգային-հայրենասիրական կատարումներով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52