Նորություններ
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի հիշատակի խոսքը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ
24.04.2021

Այսօր՝ ապրիլի 24-ին Հայաստանում և աշխարհի բազմաթիվ երկրներում մարդիկ հարգանքի տուրք են մատուցում Օսմանյան կայսրության իշխանության կողմից հայ ժողովրդի դեմ իրագործված բարբարոսական ծրագրի՝ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:
1915 թվականին հայ ժողովուրդը ենթարկվելով անմարդկային կտտանքների, տեսնելով գաղթ ու կոտորած՝ շարունակել է ծիլեր տալ. շատերը նույնիսկ կորցնելով ամենքին ու ամեն ինչ, օտար ափերում, հայրենի երկրի կարոտը սրտում, իրենց տուն երբեմնի վերադարձի փափագով ու իրենց արտը կրկին վարելու երազանքով, շարունակել են ապրել: Թող ոչ մի ազգի, ոչ մի ժողովրդի չվիճակվի քայլել այն փշոտ ճանապարհով, որով 1915 թվականին անցել է մեր ժողովուրդը, միայն նրա համար, որ հայ է:
Խոնարհվում եմ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի անմար հիշատակի, ցեղասպանությունը վերապրածների ու նրանց սերունդների առջև:
Թուրքիային չի հաջողվելու կոծկել մեկուկես միլիոն անմեղ զոհերի արյան, ընդհատված կյանքերի, խեղված ճակատագրերի մեղքը:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում ու դատապարտում լինելու է: