Նորություններ
Արագածոտնի մարզում տրվեց « 10 միլիոն ծառ » համահայկական ծառատունկի մեկնարկը. տնկվեցին 2021 թվականի առաջին 1000 ծառերը
10.04.2021
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ՇՄ նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Արթուր Պետրոսյանը, « Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պավել Ցուգունյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը, Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հասմիկ Խուրշուդյանն ու համալսարանի ուսանողներ հյուընկալվեցին Արագածոտնի մարզում « Էյ Թի Փի » բարեգործական հիմնադրամի՝ Կարինի տնկարանում, որն հիմնադրամի առաջին տնկարանն է՝ հիմնված 1996 թվականին։
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը և Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը տնկարանի տարածքում խորհրդանշական ծառատունկ իրականացրեցին, որից հետո, տնկարանի մասնագետների ուղեկցությամբ, ուսանողների հետ շրջայց կատարեցին տարածքում՝ ծանոթանալով այնտեղ առկա ծառատեսակներին և բուսատեսակներին, իրականացվող ծրագրերին։
Ներկաների հետ զրույցում նախարարը ներկայացրեց նախարարության կողմից նախատեսած ծառատունկերի ժամանակացույցը և խոսեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան հաջորդող օրը՝ ապրիլի 25-ին, սպասվող համապետական ծառատունկի մասին, որի ժամանակ տնկվելու է 100.000 ծառ։ Անդրադարձ կատարվեց Շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև կնքված հուշագրով ամրագրված փոխգործակցությանը, վերհաստատվեց, որ անտառների արդյունավետ պահպանման, կառավարման ու զարգացման գործում կա երիտասարդ, հավակնոտ, առաջադեմ ու ինովատիվ հայացքների տեր,կարծրատիպեր կոտրող երիտասարդ մասնագետների կարիք։
Ողջունելով ներկաներին Արագածոտնի մարզում՝ մարզպետ Դավիթ Գևորգյանն ասաց.
-Բնության հանդեպ հոգատարությունը հայրենիքի հանդեպ սիրո դրոսևորման կարևորագույն ձևերից է: Լավ քաղաքացու անկյունաքարային հատկանիշներից մեկը բնության և շրջակա միջավայրի նկատմամբ սրտացավությունն է: Ողջունում եմ վերածնունդը խորհրդանշող այս կարևորագույն իրադարձության՝ համահայկական ծառատունկի, մեկնարկը Արագածոտնի մարզում ազդարարելու նախաձեռնությունը:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Քուչակ բնակավայրի տարածքում տնկվեցին «10 միլիոն ծառ» նախաձեռնության՝ 2021 թվականի ծառատունկերի մեկնարկն ազդարարող առաջին 1000 ծառերը։ Ծառատունկն իրականացվեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների գործուն աջակցությամբ, ովքեր ուսանողներին ներկայացրեցին ծառատունկի ողջ գործընթացը, օգնեցին ծառեր տնկել և
կիսվեցին իրենց փորձով:
Անտառային ոլորտի պատասխանատուները, մասնագետները, ՇՄ նախարարը և Արագածոտնի մարզպետը քննարկեցին ոլորտին վերաբերող մի շարք առանցքային հարցեր: