Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Տիգրան Հարությունյանը նվաճել է Քիմիայի միջազգային օլիմպիադային մասնակցելու իրավունք

07.04.2021

Արագածոտնի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Տիգրան Հարությունյանը նվաճել է Քիմիայի միջազգային օլիմպիադային մասնակցելու իրավունք:
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր հյուրընկալել է Տիգրան Հարությունյանին, Նորաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Գառնիկ Մուքոյանին և քիմիայի ուսուցչուհի Բալասան Հակոբյանին:
Ողջունելով ներկաներին՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ասել է.
-Ցանկանում եմ շնորհավորել բոլորիս Տիգրանի հաղթանակների առթիվ: Զարգացման, առաջընթացի, հաջողությունների հիմքը կրթությունն է: Ես հպարտ եմ, որ Տիգրանն անցել է գործի և անում է այն, ինչի մասին բազմիցս խոսել ենք: Ես շնորհակալ եմ քեզ, սիրելի՛ Տիգրան, որ դու ճիշտ ճանապարհ ես ընտրել և վստահ եմ, որ դու կյանքում մշտապես հաջողելու ես: Ես հիշում եմ մարզպետարանում մեր նախորդ հանդիպման ընթացքում ծավալված քննարկման ժամանակ Տիգրանի և մյուս դպրոցականների արտահայտած հիացմունքի արժանի մտքերն ու գաղափարները: Տիգրանն ապացուցում է այն ճշմարտությունը, որ բնավ կարևոր չէ, թե մարդ որտեղ է ծնվել և բնակվում, հաջողության հասնելու համար կարևոր է աշխատասիրությունն ու ձգտումը: Կանաչ ճանապարհ եմ մաղթում և չեմ կասկածում, որ Տիգրանի հաջողությունները դեռ առջևում են:
Իր խոսքում մարզպետը նշել է, որ քաջատեղյակ է Տիգրանի՝ հարազատ գյուղի դպրոցում քիմիայի լաբորատորիա ունենալու և տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն ունենալու ցանկությանը, ապա հայտնել, որ որպես Տիգրանի աշխատասիրության և քիմիայի օլիմպիադայում բարձր արդյունքներ գրանցելու խրախուսանք, մարզպետարանը կտրամադրի անհրաժեշտ շուրջ 8 մլն դրամը, որպեսզի Նորաշենի դպրոցում կառուցվի անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ունեցող և ժամանակակից կահավորմամբ քիմիայի լաբորատորիա:
Դպրոցականների առարկայական օլիմպիադաներում բարձր արդյունքներ ցուցբերելու և Քիմիայի միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմի անդամ դառնալու համար ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը Նորաշենի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Տիգրան Հարությունյանին պատվոգիր է հանձնել:
Մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած ավանդի համար Նորաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Գառնիկ Մուքոյանը և քիմիայի ուսուցչուհի Բալասան Հակոբյանը ևս պարգևատրվել են մարզպետի պատվոգրերով:
Դպրոցականների առարկայական օլիմպիադաներում Տիգրան Հարությունյանի նվաճումներն այսքանով չեն սահմանափակվում: Կենսաբանություն առարկայից նա նվաճել է հանրապետական փուլին մասնակցելու իրավունք, իսկ նախորդ տարի օլիմպիադաներից վերադարձել է մրցանակներով:
Հաջողություն ենք մաղթում Տիգրան Հարությունյանին և Քիմիայի միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմին Ճապոնիայում կայանալիք մրցելույթներում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24