Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այսօր ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ԲԿ-ի նորանշանակ տնօրեն Սարգիս Ավագյանին

24.03.2021

Այսօր ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ԲԿ-ի նորանշանակ տնօրեն Սարգիս Ավագյանին:
Ցանկանում եմ կարևորել բժիշկ Ավագյանի՝ առողջապահության կազմակերպչի և ղեկավարման կարողությունները: Վստահ եմ, որ պարոն Ավագյանը զարգացնելու է Թալին ԲԿ-ի արդեն իսկ գրանցած հաջողությունները, և ձեր թիմը բազմաթիվ նորանոր հաջողություններ է ունենալու: Ես անձամբ հետևողական եմ լինելու և բոլորի կատարած աշխատանքով են որոշվելու հետագա անելիքները: Բոլորիս, և կասկած չունեմ, որ նաև Թալին ԲԿ-ի կոլեկտիվի աշխատանքը բացառապես ուղղված է հանուն Թալինի շրջանի, հանուն Արագածոտնի մարզի, մեր երկրի, մեր ժողովրդի բարեկեցությանը,- ասաց մարզպետը, ապա շնորհավորեց, հաջողություն մաղթեց բժշկական կենտրոնի նոր տնօրեն Սարգիս Ավագյանին և Թալին ԲԿ-ի անձնակազմին իրենց վստահված չափազանց կարևոր առաքելության մեջ:
Մարզպետ Դավիթ Գևորգյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց տարբեր տարիների ընթացքում Թալինի բժշկական կենտրոնը ղեկավարած և այնտեղ աշխատած բուժաշխատողներին՝ իրենց աշխատած ժամանակահատվածում կատարած բոլոր դրական գործերի համար, և վստահություն հայտնեց, որ այսուհետ ևս, քարը քարին դնելով, Թալին ԲԿ-ն նոր հաջողություններ է գրանցելու:
«Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Ավագյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, նշեց, որ բժշկական կենրոնի աշխատակազմի հետ միասին, պատվով կկատարեն իրենց առջև դրված բոլոր առաջադրանքները, կանեն ամեն հնարավորը բժշկական ծառայությունների և բնակիչներին ցուցաբերվող բուժօգնության որակն էլ ավելի բարձրացնելու համար և կատարած աշխատանքով կարդարացնեն վստահությունն ու հույսերը:
Մարզպետ Դավիթ Գևորգյանը նշեց, որ բժիշկ Ավագյանը, լավ բժիշկ լինելու հետ մեկտեղ, բնութագրվում է որպես պարկեշտ և հայրենասեր անձնավորություն:
Դիմելով բժիշկ Ավագյանին՝ մարզպետն ընդգծեց, որ այս պահից նա ծառայության մեջ է և, հիվանդանոցի անձնակազմի հետ, Թալինի շրջանի ազգաբնակչության առողջության համար առաջին պատասխանատուն է:
-Ղեկավար լինելը ոչ մի պարագայում հաճույք և վայելք չէ, իրավունքներից առաջ այն պարտականություն և պարտավորվածություն է: Ես վստահ եմ, որ Դուք շատ արագ կմիանաք Թալին ԲԿ-ի թիմին և համատեղ ջանքերով կկատարեք ձեր առջև դրված խնդիրները,- ասաց մարզպետը:
Հանդիպման ավարտին քննարկվեցին հիվանդանոցին վերաբերող ընթացիկ հարցեր:
«Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նորանշանակ տնօրեն Սարգիս Ավագյանն ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը, ունի ավելի քան 20 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ: Որպես բժիշկ-կամավորական մասնակցել է 2020 թվականին Արցախում ծավալված 44-օրյա պատերազմին, աչքի է ընկել հայրենիքի պաշտպանության գործին անմնացորդ նվիրումով և անբասիր ծառայությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 12:28:19