Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Իրականացվում են ոռոգման համակարգերի արդիականացման աննախադեպ աշխատանքներ

23.03.2021

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, #Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, #ՏԿԵՆ ՀՏԶՀ գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը և ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանն այսօր հետևել են Արագածոտնի մարզում մայր և երկրորդային ջրանցքների նորոգման և վերականգնման աշխատանքներին, որոնք իրականցվում են ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» շրջանակում։
Արագածոտնի մարզում ներկաները շրջել են Աշտարակի մայր առվի, Օշականի մայր ջրանցքի, Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի, Ուջան 1 ակվեդուկի՝ կամուրջ–ջրատարի, Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի, Ուջան 2 ակվեդուկի՝ կամուրջ–ջրատարի շինհրապարակներում։ Ոռոգման սեզոնին ընդառաջ՝ վերակառուցման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։ Ծրագրի հաջող ավարտից հետո Արագածոտնի մարզում էականորեն կավելանան ոռոգվող հողատարածքները, ինչը մեծապես կնպաստի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։
Նախարարի խոսքով, մասնավորապես, Օշականի մայր ջրանցքի շինարարական աշխատանքների իրականացման արդյունքում համայնքում ոռոգելի կդառնա շուրջ 200 հա հողատարածք, որոնք չեն ոռոգվել ավելի քան 20 տարի։
Շրջայցի ընթացքում նախարարը պատասխանատուների հետ խոսել է շինարարության ընթացքի մասին, տվել մի շարք հանձնարարականներ։ Նախարարին զեկուցվել է, որ շինարարական աշխատանքների մեծ մասը իրականացվել է ընթացիկ տարում և նախքան ոռոգման շրջանի մեկնարկը հնարավոր կլինի ավարտին հասցնել վերոնշյալ ենթակառույցների վերանորոգման աշխատանքները։
Նախարար Պապիկյանն իր գոհունակությունն է հայտնել շինարարության ընթացիկ տեմպից և նշել․
«Սա մեր շինարարական աշխատանքների և, մասնավորապես, ջրային ոլորտին վերաբերող աշխատանքների մի փոքրիկ մասն է։ Առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում մենք ցույց կտանք մեր ամբողջական աշխատանքը։ Պետք է նշեմ, որ այս տարի ջրային ցանցի արդիականացման ուղղությամբ աննախադեպ քանակի աշխատանք պետք է կատարենք, այն կազմում է շուրջ 14 մլրդ դրամ»։
Պապիկյանը հետաքրքրվել է համայնքներում ներտնտեսային ցանցերի վիճակից, հորդորել դիտարկել և հնարավորության դեպքում ավելացնել սուբվենցիոն փաթեթներով ներհամայնքային ջրամատակարարման ենթակառույցները բարեկարգելու ծրագրերը։ Ի թիվս պատասխանատուներին տրված հանձնարարականների՝ նախարարը խիստ անհրաժեշտ է համարել նաև համայնքի բնակչության հետ ամենօրյա աշխատանքը, որպեսզի նորակառուց ջրամբարներում և ջրանցքներում բացառվեն աղբի կուտակումները։
ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի ընդհանուր արժեքը 50 միլիոն դոլար է: 40 միլիոն դոլարը Եվրասիական զարգացման բանկից ստացված վարկ է, 10 միլիոն դոլարը ՀՀ կառավարության համաֆինանսավորումն է: Ծրագրի հիմնական նպատակներն են՝ կառուցել մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինող համակարգեր, վերակառուցել գլխավոր և միջտնտեսային ջրանցքներ, ներտնտեսային ոռոգման համակարգեր, արդիականացնել և հզորացնել ջրօգտագործողների ընկերությունները: Տպավորիչ են հատկապես սպասվող արդյունքները. ծրագրի հաջող ավարտից հետո Հայաստանում տարեկան կխնայվի 11.8 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, շահագործման ծախսերը կկրճատվեն տարեկան 300 միլիոն դրամով, 10.5 հազար հեկտարով կավելանան ոռոգվող հողատարածքները, 8 պոմպակայան շահագործումից դուրս կգա, կվերականգնվեն 64.2 կիլոմետր ջրանցքներ, իսկ ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնվող հատվածները կհասնեն 259.1 կիլոմետրի: Այս ծրագրի շահառուների թիվը գերազանցում է 115 հազարը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52