Նորություններ
Քննարկվել են Արագածոտնի մարզում «Թումո» կենտրոնի ստեղծման, «Թումո տուփերի» տեղադրման և կրթական ծրագրերի իրականացման վերաբերյալ համագործակցության հնարավորությունները
12.03.2021
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին և կենտրոնի ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արագածոտնի մարզում «Թումո» կենտրոնի ստեղծման, «Թումո տուփերի» տեղադրման և կրթական ծրագրերի իրականացման վերաբերյալ համագործակցության հնարավորությունները:
Մարզպետ Դավիթ Գևորգյանը ողջունելով հյուրերին նշել է, որ կարևորում է տեխնոլոգիական կրթության դերն ու նշանակությունը և, տեսնելով ոլորտի նկատմամբ Արագածոտնի մարզի աշակերտների, երիտասարդների հետաքրքրվածությունն ու գրանցած հաջողությունները, բազմիցս մտածել է մարզում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու գաղափարի շուրջ և այն քննարկել է մարզի շահագրգիռ համայնքների ղեկավարների հետ: Նա հավելել է, որ հանդիպումն իր համար բավականին սպասված էր և լիահույս է, որ օպերատիվ և արդյունավետ համագործակցության շնորհիվ հաջողված ծրագրեր կիրականացվեն:
Ներկայացնելով Արագածոտնի մարզում կրթական ծրագրի ներդրման նպատակով մշակված նախնական քարտեզը՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ներկայացուցիչները նշել են, որ Արագածոտնի մարզում նախատեսում են տեղակայել 5-7 «Թումո տուփեր» և հիմնել 1 կենտրոն, որը կծառայի որպես հանգույց: Այստեղ 12-18 տարեկան պատանիների համար կկազմակերպվեն տեխնոլոգիաների ոլորտի և մասնագիտացված դիզայնի կրթական անվճար ծրագրեր:
Հանդիպման ընթացքում քննարկելով «Թումո տուփեր» տեղակայելու համար նպաստավոր համայնքների, հողատարածքների, շինությունների ընտրության և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կրթական ծրագրի ներդրման վերաբերյալ այլ հարցեր՝ կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն համագործակցության ամրապնդման և զարգացման վերաբերյալ:
Ծրագրի անխափան ընթացքն ապահովելու նպատակով՝ մարզպետ Դավիթ Գևորգյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սեդա Սողոմոնյանին և զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Գագիկ Պողոսյանին հանձնարերել է սերտ համագործակցել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ներկայացուցիչների հետ և, մարզպետարանի լիազորությունների առավելագույն չափով, աջակցել նախապատրաստական, կազմակերպչական և բոլոր այլ անհրաժեշտ հարցերում: