Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ

28.01.2021

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

      Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի՝ հայկական բանակի օրն է: Պետականաշինության գործընթացում առանցքային դերակատարում է ունեցել ազգային բանակի ստեղծումը:

      Ապագա հաղթանակները, որոնք վստահ եմ դեռ ունենալու ենք, իրականություն են դառնալու, քանի որ մենք ունակ ենք ազնվորեն վերլուծելու մեր անցած ճանապարհը, այս պահին ունեցած իրավիճակը և ճիշտ ենք որոշելու ապագայի նպատակները: Եվ, իհարկե, այդ նպատակներին հասնելու համար ջանք ու եռանդ չենք խնայելու:

      Այսօր պետք է ևս մեկ անգամ փաստենք, որ մեր բանակը հերոսաբար պատերազմել է խիստ անհավասար պայմաններում, և մեր զինվորը հերոսաբար կռվել է մինչև վերջին շունչը, մինչև վերջին փամփուշտը: Եվ այսօր էլ մեր բանակի զինվորները, սպաներն ու գեներալները պատվով ու հերոսաբար ծառայում են հայրենիքին և ամուր են պահում մեր երկրի սահմանները:

      Այո՛, մենք հիմա ստացել ենք չափազանց ծանր հարված, որից ոտքի կանգնելու համար, առաջին հերթին, մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի սեփական սխալները և բոլոր այն հարցերը, որոնցում սխալվել ենք հավաքականորեն: Այս ճշմարտությունը մեզ անհրաժեշտ է ոչ թե հուսալքվելու, այլ մեր ապրելակերպը վերաիմաստավորելու, վաղվա օրվա հանդեպ հույսով լցվելու, ոտքի կանգնելու և դեպի ապագա հաղթանակները քայլելու համար:

      Մենք պետք է միասնաբար, վճռական ու վաղվա լուսավոր օրվա հանդեպ հավատով վերստին լծվենք բանակաշինության գործին ու չխնայենք ջանք, որ մեր բանակն առավել հզորացնենք ու դարձնենք 21-րդ դարի պրոֆեսիոնալ զինված ուժերից մեկը՝ արդիական սպառազինությամբ, նորագույն զինվորական տեխնիկայով և արհեստավարժ զինվորական կադրերով: Մենք պարտավոր ենք վերակառուցել մեր բանակն առաջին հերթին հանուն այն մարդկանց, ովքեր զինվորական համազգեստը և հայրենիքի ազատությունը վեր դասեցին ամեն ինչից:

      Ռազմական գործի նվիրյալներ, պարոնայք սպաներ, զինվորականներ, պատերազմի ընթացքում բանակի շարքերը համալրած պահեստազորայիններ ու կամավորականներ, դուք գործով եք ապացուցել թե որքան արժեքավոր է մայր հողն ու վաղվա օրվա խաղաղությունը: Երախտապարտ եմ մեր երկրի պաշտպանության գործում ձեր անգնահատելի ավանդի և անձնվեր ծառայության համար:

      Խոնարհվում եմ հայրենիքի պաշտպանության մարտերում հերոսաբար ընկած մեր բոլոր հերոսների հիշատակի, նրանց ծնողների ու հարազատների առջև:

      Բոլոր զինվորականներին մաղթում եմ խաղաղ ու անփորձանք ծառայություն:

 

   ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ, ՓԱՌՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ:

 

Հարգանքով ու խոնարհումով`

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյան



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:31:52