Նորություններ
Ամփոփվեցին 2020 թվականի ընթացքում արտակարգ իրավիճակների ոլորտում Արագածոտնի մարզում իրականացված աշխատանքները
26.01.2021
ՀՀ Արագածոտնի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ ԱԻՆ Արագածոտնի ՄՓ վարչության կողմից 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքների ամփոփմանը:
Խորհրդակցությանը մասնակցել են Արագածոտնի մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, ԱԻՆ Արագածոտնի ՄՓ վարչության պետ, փ/ծ գնդապետ Դմիտրի Պետրոսյանը, արտակարգ իրավիճակների ու քաղաքացիական պաշտպանության մարզային պատասխանատուները:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԻՆ Արագածոտնի ՄՓ վարչության, սեյսմիկ պաշտպանության, հրդեհային, տեխնիկական անվտանգության մարզային կառույցների ղեկավարները ներկայացրել են 2020 թվականի ընթացքում կատարած աշխատանքները, տարեկան վիճակագրական ցուցանիշները և դեպքերի առանձին տեսակների դինամիկան:
Տարեկան զեկույցները ներկայացնելուց հետո` խորհրդակցության մասնակիցները քննարկել են հրդեհաշիջման աշխատանքների, հրշեջ հիդրանտների, տեխնիկական հագեցվածության, տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության գործում ներգրավված գերատեսչությունների համագործակցության, կապի և ազդարարման միջոցների, ապաստարանների և ոլորտային այլ հարցեր: