Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի և «ՎԻՍՏԱԱ Փորձագիտական Կենտրոն» ՀԿ-ի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

19.01.2021

Արագածոտնի մարզում գյուղական տուրիզմը զարգացնելու նպատակով ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության «Ֆերմերից Ֆերմերին Հայաստան» ծրագրի տնօրեն Մակրիտա Ավջյանն այսօր Արագածոտնի մարզպետարանում ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:

Պաշտոնական փաստաթղթով կողմերը պարտավորվել են կրթական աջակցության միջոցով օգնել Արագածոտնի մարզի գյուղական տուրիզմի ոլորտի սկսնակ գործարարներին` իրենց բիզնես ծրագրերը նշված ոլորտում արդյունավետ իրականացնելու և կայուն զարգացում ապահովելու համար: Ծրագիրը նպաստելու է ինչպես գյուղական զբոսաշրջության զարգացմանը, այնպես էլ իր դրական ազդեցությունը կունենա հարակից ոլորտների արժեշղթաների կատարելագործման վրա: Ծրագրի ընդհանուր տևողությունը երկու տարի է՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

Հանդիպման ընթացքում Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդգծեց, որ մարզում զբոսաշրջության զարգացման համար անկյունաքարային է գյուղական տուրիզմը: Մարզն իր առանձնահատկություններից ելնելով՝ ունի անհրաժեշտ ողջ ներուժը, սակայն գործնականում շատ քիչ, երբեմն էլ բացակայում է մշակված զբոսաշրջային պրոդուկտը, որը գրավիչ կլինի այցելուների համար: Զբոսաշրջության որոշ ճյուղեր, որոնցից մեկը գինու_տուրիզմն է, Արագածոտնի մարզում վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցել և այսօր անկաշկանդ մրցակցում է ոլորտում առաջատար համարվող գինեգործական տնտեսությունների հետ: Հաշվի առնելով զբոսաշրջային հոսքը և ծառայության նկատմամբ հետզհետե աճող հետաքրքրությունը՝ Արագածոտնի մարզի գինեգործներն ընդլայնում են գործունեության ծավալները, նոր ներդրումներ են կատարում և նոր զբոսաշրջային փաթեթներ են մշակում:

-Գյուղական զբոսաշրջության զարգացման համար էական նշանակություն ունի սեփական ռեսուրսներն ու աշխատուժը արդյունավետ օգտագործելով` դրանք կայուն եկամտի և մշտական զբաղվածության վերածելու հնարավորությունների մասին գյուղացիներին ճշգրիտ իրազեկելը և, որակյալ պրոդուկտ ստանալու համար, գործունեությամբ զբաղվել ցանկացող անձանց հետ համակարգված աշխատանքների իրականացումը: Այս նպատակից ելնելով` դեռևս նախորդ տարի մարզպետարանի զբոսաշրջության ոլորտի պատասխանատուին հանձնարարել եմ այցելել համայնքներ, հանդիպել այն բնակիչների հետ, ովքեր շահագրգիռ են զբաղվել գործունեության այս տեսակով` իրենց տան մի հատվածը վերածել հյուրատան, զբոսաշրջիկներին գիշերակացի, սննդի կամ գյուղացու առօրյային ծանթացնելու ծառայություններ մատուցել: Այս պահին ավելի քան 50 գյուղում հանդիպումներ իրականացվել են, գործընթացը շարունակական բնույթ է կրում: Արդեն կան մի շարք համայնքներ, որտեղ, վստահաբար կարող եմ ասել, որ այս նախաձեռնությունը հաջողությամբ է իրականացվելու և լիահույս եմ, որ հաջողված փորձը վարակիչ է լինելու այլ համայնքներում ևս: Զուգահեռ մշակվում է նաև մարզի զբոսաշրջության ռազմավարությունը,- ասել է մարզպետը:

«Ֆերմերից Ֆերմերին Հայաստան» ծրագրի տնօրեն Մակրիտա Ավջյանը ներկայացրեց, որ ծրագրի նպատակն է գյուղատնտեսության ոլորտում կարճաժամկետ տեխնիկական-կրթական աջակցության միջոցով ապահովել արագ և կայուն զարգացում, որն իրականացնելու համար կազմակերպությունը ներգրավում է ոլորտում մեծ վաստակ ունեցող կամավոր-փորձագետներ: Նրանց աշխատանքն ապահովում է աճ մատնանշված արժեշղթայում և նպատակ ունի բարելավելու համապատասխան կազմակերպությունների տնտեսական աճը և հզորացումը:

Նա ընդգծեց, որ լիովին համամիտ է մարզպետի դիրքորոշմանը և ասաց, որ գյուղատնտեսության, գյուղական տուրիզմի ոլորտում իրենց երկարատև աշխանքային փորձը բազմաթիվ հաջողված ծրագրեր ունի և, քանի որ Արագածոտնի մարզում առկա են բոլոր նախադրյալները, ինչպես նաև գյուղական զբոսաշրջային ենթակառուցվածքների նկատմամբ պահանջարկը, իրենք պատրաստակամ են գյուղացիներին անհրաժեշտ գիտելիքներ տրամադրելու, ոլորտում պահանջված մասնագետների կողմից խորհրդատվություններ, մասնագիտական վերապատրաստումներ իրականացնելու միջոցով աջակցել առաջարկի ձևավորմանը: Մակրիտա Ավջյանը նշել է նաև, որ իրենց ծրագրի իրականացմանը զգալի չափով կնպաստի մարզպետարանի կողմից այս ոլորտում արդեն իսկ իրականացվող աշխատանքները:

«Ֆերմերից Ֆերմերին Հայաստան» ծրագիրը մարզպետը կարևորել է որպես խորհրդատվական-կրթական աջակից և հույս հայտնել, որ «ՎԻՍՏԱԱ Փորձագիտական Կենտրոն» ՀԿ-ի հետ ստորագրված հուշագրի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման արդյունքում մարզում ագրոտուրիզմի փոքր և միջին կենտրոններ կհիմնվեն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35